
2025 թվականի հունվարի 24-ին պաշտոնապես մեկնարկեց «ԻՄ ԸՆԿԵՐ ԱԼԵՆԸ» ընթերցանության մրցույթը, որը համատեղ իրականացնում են «Կորիզ» կրթական ծրագիրը և «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ՝ դառնալով կրթական կարևորագույն միջոցառում՝ խթանելով դպրոցականների ընթերցասիրությունը և մտավոր զարգացումը։
«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը բաղկացած երկու փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին փուլն անցկացվում է օնլայն տարբերակով, իսկ երկրորդը՝ օֆլայն։ Մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն Koreez 2025 շոու մրցանակաբաշխության ժամանակ։
Մրցույթի հաղթող աշակերտներն ընդհանուր 1,500,000 դրամ մրցանակային ֆոնդից կստանան «Ալենյան» կրթաթոշակ՝ 200,000, 150,000 և 100,000 դրամ, ինչպես նաև այլ խրախուսական նվերներ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների 3-9-րդ դասարանի աշակերտները։ Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել koreez.am կայք և ընտրել համապատասխան բաժինը։ Մրցույթի գրանցման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 2-ը։
Մրցույթն անվանակոչված է Արցախի հերոս Ալեն Մարգարյանի պատվին՝ նպատակ ունենալով դաստիարակել հայրենասեր, բանիմաց և ընթերցասեր նոր սերունդ։ 2024 թվականին անցկացված առաջին մրցույթին մասնակցեցին ավելի քան 2200 աշակերտներ, որոնցից 100-ից ավելին խրախուսվեցին, իսկ լավագույն 7-ը ստացան գլխավոր մրցանակներ, ներառյալ ընտանիքով ճանապարհորդություն դեպի Դուբայ։ Մրցույթը խթան հանդիսացավ ոչ միայն ընթերցանության, այլև հայկական գրքերի վաճառքի աճի համար, որի ցուցանիշը գերազանցեց 4000-ը։





