Միթե՞ մեկ օր չենք կարող ապրել առանց բջջայինի․ եթե կարող ենք, ուրեմն այս օրը՝ փետրվարի 6-ը, հենց այդ օրն է․ այդ մասին է տեղեկացնում օրացույցը։ Փետրվարի 6-ը բջջային հեռախոսից հրաժարվելու օրն է․․․
Նախաձեռնության հեղինակ է համարվում ֆրանսիացի լրագրող և գրող Ֆիլ Մարսոն, որն իր գաղափարի մասին բարձրաձայնեց 2001 թվականին և, ինչպես պարզվեց, գաղափարը դուր եկավ շատերին, նաև նրանց, ովքեր շատ ակտիվորեն օգտվում են բջջային հեռախոսից․․․
Ի՞նչ է տալիս բջջային հեռախոսը մեզ և ինչի՞ց զրկում․ բոլորիս այս մասին է առաջարկում խորհել օրացուցային այս նշումը։ Մենք էլ որոշեցինք խորհել այս մասին․․․
Դժվար է գերագնահատել բջջային կապի դրական կողմերը, հասանելի լինելու և մտերիմների հետ առանց բարդության հասանելիություն ունենալու կամ վտանգավոր իրավիճակներում շտապ օգնություն ստանալու հնարավորությունները, բայց այո, բոլորս էլ գիտենք, որ շատերս այսօր պարզապես կախվածություն ունենք այս սարքից և տեղին ու անտեղի աչքներս գցում ենք դրա կողմը․․․
Բջջայինից մեկ օրով կամ ինչու ոչ՝ մի քանի օրով հրաժարվելու միտքը վատը չէ, բայց կարծում ենք՝ միայն այն դեպքում, երբ գիտես, որ դրա կարիքը չես զգա, որովհետև կարիքը զգալու ժամանակ չես ունենա։





