Սովորության համաձայն բացում ենք օրացույցն ու պարզում, որ փետրվարի 27-ը Լավատեսների միջազգային օրն է։
Հարցը, թե ինչու է հատկապես փետրվարի 27-ն ընտրվել որպես լավատեսների օր, շատ հստակ պատասխան չունի, բայց շատերը կարծում են, որ ձմռան վերջում այն նշելը ճիշտ է, որովհետև մոտեցող գարունը լավի, կենսուրախության, ջերմության խոստում ունի իր մեջ, այսինքն՝ ևս մեկ առիթ է կյանքին ժպիտով նայելու և տարբեր իրավիճակներում լավն ու դրականը տեսնելու։
Հայտնի է, որ մարդիկ, կախված այն բանից, թե ինչպես են տեսնում ու գնահատում շրջապատող աշխարհը, իրադարձությունները, այս կամ այն իրավիճակը, բաժանվում են երկու խմբի՝ լավատեսների և հոռետեսների։
Հայտնի մի միտք կա, որը կարելի է նաև լավատեսին հոռետեսից տարբերելու բանաձև համարել․ կիսով չափ ջրով լցված բաժակը տեսնելով՝ լավատեսն ասում է «Բաժակը կիսով չափ լի է»։ Հոռետեսն ասում է․ «Բաժակը կիսով չափ դատարկ է»։
Դուք որոշեք՝ լավատես եք, թե հոռետես, բայց համաձայնեք, որ շրջապատող աշխարհը պայծառ տեսնելու ունակությունը հրաշալի հատկություն է, որ դրական մտքերը շատ օգնում են բարդ իրավիճակները հաղթահարելու հարցում, և որ բոլորս էլ, անկախ այն բանից, թե ինչ կասենք կիսով չափ լցված բաժակ տեսնելիս, աշխատում ենք հե՛նց լավատեսների հետ շփվել։
Փետրվարի 27-ը նաև բևեռային արջերի միջազգային օրն է։ Բևեռային կամ սպիտակ արջերը ցամաքի ամենախոշոր գիշատիչներն են, որոնք ապրում են արկտիկական լայնություններում, Հյուսիսային բևեռին մոտ։ Երբ սպիտակ արջերի մասին պատմող գիտահանրամատչելի ֆիլմերում ձագուկների և նրանց մայրիկների խաղն ես տեսնում արկտիկակական ձյան ու սառույցի մեջ, անհնար է, որ սիրտդ քնքշանքով չլցվի, բայց, իհարկե, իրականում բնության մեջ սպիտակ արջերի հետ հանդիպումը որևէ կենդանի արարածի համար անվնաս չի կարող լինել․ ապա մի նորից ասեք՝ ցամաքի ամենախոշոր գիշատիչ։
Հաղորդման երկրորդ հատվածում բոլորիդ հրավիրում ենք «Զարթուցիչի» հյուրասրահ։ Մեր հյուրը «Բվիկ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ջուլիետա Վարդանյանն է։
«Բվիկ» հիմնադրամը ընթերցանության մրցույթ է նախաձեռնել, որին մասնակցության հայտագրումն սկսվել է փետրվարի 1-ից։ Մրցույթին մասնակցության պայմանների, մրցույթի նպատակի և այս մրցույթի շնորհիվ ձևավորվող ընթերցասեր մեծ համայնքի մասը դառնալու մասին է մեր հյուրի հետ զրույցը։





