Վաղվանից գարուն է, որին միշտ էլ անհամբեր ու սրտի թրթիռով ենք սպասում։ Որովհետև եղանակը տաքանում է, բնությունն արթնանում, ու տանը նստելու փոխարեն ուզում ես զբոսնել՝ մաքուր օդում, հեծանիվ քշել, քայլարշավների գնալ ու այլ հաճելի գործերով զբաղվել: Ու, չնայած որ առջևում գիժ մարտն է և հնարավոր է՝ դեռ ձյուն գա, մեկ է՝ մեր հոգում արդեն գարնանային տրամադրություն է։ Հուսով ենք, արևոտ գարունը երկար սպասեցնել չեն տա։
Իսկ օրացույցը հիշեցնում է, որ այսօր հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է։ 1880 թվականի ձմռան վերջին օրն է ծնվել Մարտիրոս Սարյանը՝ գեղեցիկ բնանկարների, դիմանկարների, նատյուրմորտների և բեմանկարչության մեծ վարպետը։ Նկարիչ, որը յուրահատուկ, միայն իրեն բնորոշ գույներով է պատկերել մեր հայրենիքը, հողն ու ջուրը, լեռներն ու հինավուրց վանքերը, աննման ծաղիկներն ու կապույտ երկինքը։
«Աշխարհը, կարծես, գույների հսկայական ներկապնակ լինի։ Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ապրել, տեսնել և փոխանցել աշխարհի անկրկնելի գեղեցկությունը»,- մի առիթով ասել է Մարտիրոս Սարյանն ու համարել, որ իր ամենամեծ ուսուցիչը բնությունն է։
Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան 145 ամյակն է և նրա տուն-թանգարանում օրը հետաքրքիր միջոցառումներով է անցնելու։ Այդ մասին կպատմի թանգարանի էքսկուրսավար Ռիմա Գալստյանը։





