Նարեն մեր նոր ընկերուհին է։ Ութ տարեկան է, սովորում է Խ․ Աբովյանի անվան դպրոցում, երաժշտական դպրոց և թատերական խմբակ է հաճախում, մայրիկի օգնությամբ փոքրիկ տեսանյութեր է նկարում, որոնցում հենց ինքն էլ տարբեր փաստեր ու հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում։
Դպրոցում գործերը լավ են, սիրում է բոլոր առարկաները, բայց մաթեմատիկան և մայրենին՝ հատկապես։ Շատ սիրում է կարդալ և հենց այս օրերին կարդում է «Մաուգլին»։ Եվ ճիշտ էլ անում է, որովհետև թատերական խմբակում հենց Մաուգլիի մասին ներկայացում են բեմադրում․ կարդացածն իրեն շատ կօգնի։
Նարեն ներկայացման մեջ հովազն է լինելու․ շատ լավ է մռնչում։ Երբ լսեք մեր զրույցը, կհամոզվեք ինքներդ։ «Այնպես պիտի անենք, որ հանդիսատեսին թվա, որ ինքը ջունգլիում է»,-ասում է Նարեն։
-Կկարողանա՞ք,-հարցնում եմ։
-Կկարողանա՛նք,-վստահ ասում է մեր նոր ընկերուհին։





