Զարթուցիչ

Շնորհավոր ձեր օրը, սիրելի քույրեր և եղբայրներ. Զարթուցիչ

Այսօր՝ ապրիլի 10-ին, աշխարհի շատ երկրներում ընտանեկան մի սիրուն տոն է նշվում՝ Եղբայրների և քույրերի օրը։ Առաջին անգամ այն նշվել է 1998 թվականին՝ ԱՄՆ-ում, Կլաուդիա էվարտ անունով մի կնոջ նախաձեռնությամբ։

Կինը ծանր էր տանում մանկության տարիներին պատահած դժբախտությունը՝ եղբոր և քրոջ կորուստը։ Արդեն մեծ տարիքում նա որոշեց ի հիշատակ նրանց այսպիսի մի տոն կազմակերպել՝ եղբայրների և քույրերի օր, որը կհիշեցներ բոլորին այն մասին, թե որքան կարևոր մարդիկ են մեր կյանքում քույրերն ու եղբայրները, և թե որքան հարուստ ենք մենք, երբ նրանք կան մեր կյանքում։ Օրն էլ ընտրեց ապրիլի 10-ը՝ քրոջ ծննդյան օրը։

Տարվա մեջ այսպիսի օր ունենալու գաղափարը շատերին ոգևորեց, և Քույրերի ու եղբայրների օրը շուտով մեծ արձագանք ստացավ նախ՝ ԱՄՆ-ում, ապա և՝ այլ երկրներում։

Ամենօրյա վազքի մեջ, երբ մարդիկ հաճախ մոռանում են ընկերների և հարազատների մասին, այս օրը պարզապես հիշեցնում է, որ շատ թանկ մի կապ կա իրենց կյանքում՝ եղբայրների և քույրերի հետ կապը։ Օրվա  վազքի մեջ մեկ պահ կանգառ, մեկ զանգ քրոջը կամ եղբորը, կարճ մի զրույց` ո՞նց ես, հիշու՞մ ես, կարոտել եմ քեզ, և… օրը միանգամից ջերմանում է։

Սիրելի քույրիկներ ու եղբայրներ, մենք, այո՛, կարող ենք լինել իրար համար լավագույն ընկերներ, միակ մարդը, ում կարելի է գաղտնիքը վստահել, կարող ենք նաև մրցակիցներ լինել, կարող ենք անգամ կռվել իրար հետ, բայց․․․ որքան լավ է, որ կանք իրար կյանքում․․․Շնորհավոր ձեր օրը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button