Այսօր՝ ապրիլի 17-ին, աշխարհի 200–ից ավելի պետությունում նշվում է բնապահպանական մի կարևոր տոն՝ Արգելոցների և ազգային պարկերի օրը։ Այն նշվում է 1995 թվականից սկսած՝ Երկրի օրվան նախորդող շաբաթվա որևէ օր։ Այս տարի ահա՝ ապրիլի 17-ին։
Սա մեծամասշտաբ բնապահպանական միջոցառում է, որի սկզբնավորման պատմությունը կապված է բոլորիս լավ հայտնի Երկրի օրվա հետ։ 1990 թվականին անցկացված Երկրի օրվա թեմատիկ ցանկում ներգարվվել էր նաև արգելոցների և ազգային պարկերի թեման։ Հաջորդող հինգ տարվա ընթացքում այս թեման ավելի ու ավելի կարևորվեց և, ի վերջո, միջազգային տոնացույցում առանձնացավ որպես առանձին օր։
Արգելոցներ, ազգային պարկեր, բնության հյուրահատուկ հուշարձաններ կան աշխարհի բոլոր երկրներում․ դրանք հատուկ պահպանության տակ գտնվող տարածքներ են, որոնք մարդն առանձնացրել է՝ գիտակցելով և գնահատելով դրանց կարևորությունը, բայց հենց մարդածին տարբեր գործոնների պատճառով այս տարածքները, մեկ է, լրացուցիչ հոգածության, խնամքի, պահպանության կարիք ունեն։
Օրն ավելի շատ հասարակական բնույթ է կրում՝ միավորելով բոլոր մտահոգ մարդկանց, որոնք իրենց նախաձեռնություններով բնության պահպանվող տարածքների խնդիրների վրա են փորձում հրավիրել իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների, տարբեր կազմակերպությունների ուշադրությունը։
Օրվա նպատակներից մեկն էլ երեխաների, պատանիների, երիտասարդների շրջանումբնության հանդեպ սրտացավ վերաբերմունք ձևավորելն է, ահա թե ինչու՝ շատ նախաձեռնություններ հենց կրթական են․․․
Եվ իհարկե, միշտ կա այս տարածքները մաքրելու, մարդու սփռած աղբից ազատելու, ծառատունկի անհրաժեշտությունը, ինչն էլ աշխարհի ավելի քան 200 պետությունում այսօր կարվի։
Հայաստանի Հանրապետությունում էլ կան արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր ու բնության զարմանալի հուշարձաններ, որոնք խնամքի և հոգածության կարիք ունեն․ Խոսրովի, Շիկահողի, Էրեբունի արգելոցները, Արփի լճի, Արևիկ, Դիլիջան ազգային պարկերը, Արագածի ալպիական, Ջերմուկի անտառային, Սև լիճ և բազմաթիվ այլ արգելավայրերը։ Մեր հայրենիքի այս չքնաղ անկյունները սպասում են մեզ՝ ոչ միայն իրենցով հիանալու, այլև մի քիչ խնամք ու սեր մեզնից ստանալու համար։
Ցավոք, այնքան աղբ կա այնտեղ թափված․ եթե կորոշեք գնալ, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, մի զլացեք և աղբի տոպրակներ տարեք ձեզ հետ։ Բնությունն աղբից, թեկուզ՝ ուրիշի թափած աղբից մաքրելն ամոթ չէ․ ամոթ է աղբ թափելը, բայց դա այլ զրույցի թեմա է։





