Մեղուները ջրի փոխարեն հյութ են նախընտրում: Զարմանալի է, չէ՞:
Պարզվում է՝ այս աշխատասեր միջատները շատ են սիրում քաղցր հյութեր։ Օրինակ՝ եթե մրգային գազավորված ըմպելիքով բաժակը երկար ժամանակ թողնենք բացօթյա տարածքում, ապա, մեծ հավանականությամբ, մեղուներն անմիջապես հյուր կգան ձեզ:
Հյութերի սիրահարներ ունե՞նք: Ամբողջ աշխարհում մայիսի 6-ին նշվում է «Ըմպելիքների օրը»: Թեև օրը ոչ պաշտոնական է, բայց, օրինակ՝ Միացյալ Նահանգներում այն հայտնի է որպես «Ըմպելիքների ազգային օր»: Օրվա մասին` փոքրիկ նախապատմություն կա: Առաջին անգամ այն նշել են1921 թվականին, բայց նվիրել են միայն շշալցված գազավորված ըմպելիքներին: Ուրեմն՝ ինչո՞ւ է հետագայում փոփոխվել:
Մեր օրերում է՛լ ավելի խրախուսելի է առողջ ապրելակերպը: Սա նշանակում է, որ օրվա ընթացքում ցանկալի է ֆիզիկական ակտիվությանը զուգահեռ՝ ունենալ նաև առողջ սննդակարգ, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ գազավորված ըմպելիքների փոխարեն կարևոր է նախապատվությունը տալ սովորական ջրին կամ էլ մրգային ըմպելիքներին:
Այս հարցում ևս կարող ենք օգնել: Պատրաստեք թուղթ ու գրիչ, կամ էլ՝ կենտրոնացրեք ուշադրությունը, քանի որ հիմա մի 2 բաղադրատոմս ենք ասելու, որ տանը կարողանաք պատրաստել առողջարար ըմպելիքներ:
Առաջին ըմպելիքը մրգային սմուզին է: Մեզ անհրաժեշտ է 1 բանան, մի քանի ելակ և ազնվամորի, 1 բաժակ կաթ և 1 թեյի գդալ մեղր՝ ըստ ցանկության: Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և խառնել այնքան՝ մինչև կստացվի համասեռ զանգված: Վերջ, մեր մրգային սմուզին պատրաստ է, կարող ենք մատուցել սառույցով՝ չհիվանդանալու պայմանով:
Եվս մի բաղադրատոմս՝ սա էլ կիտրոնի և թթվային համերի սիրահարների համար: Մեզ անհրաժեշտ է 1 կիտրոնի քամած հյութ, 1 թեյի գդալ մեղր, 1 բաժակ սառը ջուր և սառույց՝ ըստ ցանկության: Պատրաստման եղանակը պարզ է. պետք է խառնել այնքան՝ մինչև բաղադրիչները լուծվեն: Վերջում՝ կարող ենք ավելացնել սառույցը:





