Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Օրը սահմանվել է ՄԱԿ–ի Գլխավոր համաժողովի կողմից և նշվում է ամեն տարի 1993 թվականից սկսած։
Օրվա նպատակը հասարակության կարևորագույն այս միավորի՝ ընտանիքի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է, ամեն տարի որևէ կարևոր ուղերձով այս կամ այն խնդիրը կարևորելը։
Եվ, չնայած ամեն օր կարելի է ասել այն մասին, որ մենք սիրում ենք մեր ընտանիքը, լավ է, որ օրացույցում այս օրը կա․․․Դե, իսկ թե ինչպես կհայտնեք ձեր ընտանիքին ձեր սիրո մասին, դա էլ թողնում ենք ձեր երևակայությանը․․․
Օրացույցից մեկ նշում էլ ենք առանձնացրել ներկայացնելու համար՝ սև կակաչի ծննդյան օրը: Ո՞րն է կակաչի հայրենիքը․ եթե ձեզ վիկտորինայի ժամանակ այսպիսի հարց հանդիպի, վստահ կպատասխանեք՝ Հոլանդիան, և․․․կսխալվեք։
Իրականում կակաչի հայրենիքը Կենտրոնական Ասիան է, բայց միայն Նիդեռլանդներում հայտնվելուց հետո այս ծաղիկը դարձավ հայտնի աշխարհում։ Իսկ Հոլանդիայում դրանք հայտնվեցին 16–րդ դարում և միանգամից դարձան պաշտամունքի առարկա։
Կակաչի մեկ սոխուկը, օրինակ, կարող էր արժենալ մեկ կառք և մեկ զույգ ձի, իսկ նոր տեսակների համար անգամ տուն ու կալվածքով էին վճարում։ Հոլանդիայի Հարլեմ քաղաքում, որտեղ սևամորթներ էին ապրում, կակաչների մոլուցքը այսպիսի մի դրսևորում ստացավ։ Հարլեմի սևամորթները մրցանակ (10000 գուլդեն ոսկիով) սահմանեցին այն մարդու համար, ով սև կակաչ կաճեցներ ։ Սև կակաչը պետք է պատմեր բոլորին այն մասին, որ սև գույնն էլ չքնաղ է, և պետք է դառնար սև մաշկ ունեցող մարդկանց գեղեղցկության խորհրդանիշը։
Ի վերջո բուսաբաններին հաջողվեց հարլեմյան խնդիրը լուծել, և ծնվեց առաջին սև կակաչը։ Իհարկե, այն հենց սև չէր, այլ մուգ մանուշակագույն, բայց արտառոց էր և համարվեց սև կակաչ։ Այս առթիվ 1637 թվականի մայիսի 15-ին Հարլեմում մեծ տոնախմբություն ու դիմակահանդես կազմակերպվեց։ Մեծ երթով անցնում էին Հարլեմի տղամարդիկ, ձեռքներին՝ կակաչներ, իսկ կենտրոնում սպիտակ թավիշով պատգարակի վրա, բյուրեղապակյա ծաղկամանի մեջ նորահայտ սև կակաչն էր։
1986 թվականի մարտին Հոլանդիայի ազգային ինստիտուտի տնօրեն Հենկ վան Դամը հայտարարեց լրագրողներին, որ ինստիտուտի լաբորատորիայում աճեցվել են բացարձակ սև կակաչների առաջին նմուշները։ Այդպես առաջին փորձարարական նմուշից, որն ստացվել էր 1637 թվականին, մինչև զանգվածային մշակում անցավ 350 տարի։





