Ձյուդոյի ստեղծող Ջիգորո Կանոն ասել է. «Եթե կա ջանք, միշտ էլ կլինի հաջողություն»։ Ինչպես կռահեցիք, այսօր խոսելու ենք ձյուդոյի մասին։
Հաղորդման ընթացքում կզրուցենք նաև Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ ու դեռահասների հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանի հետ։ Բայց մինչ այդ, եկեք ծանոթանանք մի շարք հետաքրքիր փաստերին։
Այսօր աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդ մարզվում է ձյուդոյով։ Այս մարտարվեստը դարձել է ոչ միայն ամենահայտնին, այլ, նաև, ֆուտբոլից հետո՝ աշխարհում երկրորդ ամենատարածված սպորտաձևն է։ Միջազգային ձյուդոյի ֆեդերացիայի տվյալներով՝ դեռևս 1997 թվականին աշխարհում 2.2 միլիոն մարդ զբաղվում էր ձյուդոյով։ Այսօր այդ թիվը մի քանի անգամ ավելացել է։
Ձյուդոյի հիմնադիր Կանո Ջիգորոն ներկայացրել է ձյուդոյի երկու կարգախոս՝
1) Սեյրյոկու-զենյո, որը նշանակում է՝ «Առավելագույն արդյունավետություն»,
2) Եվ Ջիտա-կյոեյ, որը նշանակում է՝ «Փոխադարձ բարօրություն»։
Այս հիմնարար սկզբունքնրը վկայում են, որ ձյուդոն միայն ֆիզիկական մարզում չէ, այն նաև հոգևոր ու բարոյական դաստիարակություն է։ Ձյուդոյի վերջնական նպատակը՝ մարդուն այնպիսի հմտություններ հաղորդելն է, որ նա օգտակար լինի հասարակության համար։





