Այսօր՝ մայիսի 27-ին, Առանց վախի ապրելու օրն է։ Ամսաթիվը ընտրվել է՝ ի պատիվ Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի, որը 1941 թվականին իր խոսքում ասել է հետևյալը․ «Միակ բանը, որից մենք պետք է վախենանք, դա հենց ինքը՝ վախն է»: Այս հայտարարությունից հետո այդ արտահայտությունը դարձավ համընդհանուր մոտիվացիա և դարձավ քաջության ու վախի հաղթահարման խորհրդանիշ։
Իսկ դուք ինչի՞ց եք վախենում։
Ավարտվեց ուսումնական տարին, կարծում ենք՝ այս թեման հոգեհարազատ է մեզնից շատերին։ Հիմա սկսվում է այն շրջանը, երբ պետք է հանգստանանք, վայելենք տաք ու արևոտ օրերը, բացահայտենք Հայաստանի գեղեցիկ ու թաքնված վայրերը ու այս ամենին զուգահեռ՝ հավաքենք նոր ռեսուրսներ նոր ուսումնական տարվա համար։
Երբ ավարտվում է ուսումնական տարին, կարևոր է ամփոփող հարցերի շուրջ մտածել։ Ի՞նչ սովորեցինք այս ուսումնական տարում՝ դպրոցում և դպրոցից դուրս։ Օրինակ՝ մենք ոչ միայն ձեռք բերեցինք նոր գիտելիք, այլ նաև՝ սովորեցինք մեր ժամանակը կազմակերպել, կառավարել լարվածությունը՝ մեր աշխատանքները ներկայացնելիս, ինչպես նաև՝ հաղթահարել տարբեր դժվարություններ։
Այդ ամենն օգնում են մեզ ճանաչել մեր ուժեղ ու թույլ կողմերը, սովորում ենք գնահատել ընկերությունն ու թիմային աշխատանքը՝ նույնիսկ դժվար պահերին։ Այո՛, մենք փոխվում ենք, սովորում ենք վստահել մեզ, լսել մեր ներքին ձայնը, դառնում ենք ավելի ինքնուրույն, ավելի ուժեղ, ավելի վստահ։ Հնարավոր է՝ ոչ միանգամից, բայց քայլ առ քայլ ամեն տարի մենք աճում ու ձևավորվում ենք՝ որպես անհատներ։
Ճիշտ է, այսօր Առանց վախի օրն է, բայց վերջերս մի շատ հետաքրքիր միտք հանդիպեց․ գրված էր՝ եթե քո նպատակներն ու երազանքները քեզ չեն վախեցնում, ուրեմն՝ դրանք բավականին լավը չեն, և դու վախենում ես երազել։ Կարևոր է հասկանալ՝ ապագայում ինչպե՞ս ենք մեզ պատկերացնում։ Ուզո՞ւմ ենք լինել բանիմաց ու կիրթ երիտասարդներ, ընդունվել բուհ, ստեղծել մեր երազանքների կյանքը ու չմոռանալ մեր փոքր քայլերով աշխարհը դարձնել ավելի լավը։





