Զարթուցիչ

Երեխաների իրավունքներն ու հունիսի 1-ը․ զրույց իրավաբանի հետ․ Զարթուցիչ

«Մենք երեխաներին՝ մեր հասարակության ամենախոցելի քաղաքացիներին,  պարտք ենք կյանք, որը զերծ է բռնությունից և վախից»։  Այս խոսքերը պատկանում են Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների համար պայքարի ելած ամենահայտնի ակտիվիստներից մեկին՝ Նելսոն Մանդելային։

Մեր  այսօրվա հաղորդումը կրկին նվիրված է  երեխաների միջազգային օրվան՝ հունիսի 1-ին։ Ու, թեև, տոնը երեկ նշվեց, բայց երեխաների իրավունքները պետք է պաշտպանել տարվա բոլոր օրերին՝  անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, ինչ լեզվով են հաղորդակցվում նրանք կամ ինչ հնարավորություններ ունեն։

Այսօր խոսելու ենք հունիսի 1-ի ստեղծման պատմությունից և զրուցելու ենք երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի հետ։

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպե՞ս է առաջացել այս տոնը։

Օրը կարևորելու գաղափարը ծնվել է 1925 թվականին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Երեխաների բարօրության համաշխարհային կոնֆերանսի ժամանակ։

Ժնևում հավաքված տարբեր երկրների առաջնորդները՝ առիթն օգտագործելով, այդ օրերին անդրադարձան  մի շարք կարևոր հարցերի՝ օրինակ, որ աշխարհի շատ երկրներում, հատկապես աղքատ երկրներում, մանուկներն ու դեռահասները չունեն կրթության հնարավորություն, բավարար սնունդ, և ապրում են վտանգավոր միջավայրում։ Այդ կոնֆերանսի ժամանակ էլ որոշում կայացվեց տարվա մեջ առանձնացնել մեկ օր, և այն նվիրել միայն երեխաներին։ Ահա այսպես ծնվեց հունիսմեկյան տոնի գաղափարը՝ երեխաների միջազգային օրը։

Օրը՝ տարբեր երկրներ նշում են տարբեր ամիսներին։ Հունիսի 1-ը որպես տոն առավելապես տարածված է հետխորհրդային երկրներում,  այդ թվում՝ Հայաստանում։

Հունիսի 1-ին անցկացվում են տոնակատարություններ, համերգներ, մանկական շքերթներ, կրթական միջոցառումներ և խաղեր։ Բայց երեխաների միջազգային օրը միայն ուրախության մասին չէ։ Այն նախ հիշեցում է, որ աշխարհի բոլոր երեխաներն ունեն իրավունքներ՝ ապրելու ապահով և խաղաղ միջավայրում։ Ցավոք, այսօր էլ աշխարհում կան երեխաներ, որոնք դեռ առերեսվում են իրենց պարզ իրավունքների իրացման խնդրին։

Կան երեխայի իրավունքներ, որոնք հիմնարար են և առաջնային։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։ Որպես օրինակ նա նշեց՝ կյանքի իրավունքը և անվտանգ միջավայրում դաստիարակվելու, կրթվելու իրավունքը։

Պարոն Թումասյանին խնդրեցինք պարզաբանել նաև «երեխայի լավագույն շահ» արտահայտությունը, որին ի պատասխան նա բերեց մի օրինակ․ եթե որևէ իրավունք մեկնաբանվում է երկակի, օրինակ կարող է մեկնաբանվել կա՛մ հօգուտ երեխայի, կա՛մ խնամակալի, պետք է նախապատվությունը տալ հօգուտ երեխային, և հենց դա էլ կհամարվի նրա լավագույն շահը։

Փորձել ենք նաև հասկանալ, թե ի՞նչ կարող ենք անել և ու՞ր կարող ենք դիմել, երբ երեխաների իրավունքները խախտվում են։ Պարզվում է, որ տարբեր իրավունքների խախտման դեպքում, տարբեր մարմինների կարող ենք դիմել, սակայն ունենք նաև ունիվերսալ մարմիններ, որոնք կարող են օգնել մեզ։ Դրանցից է օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը։

Պարոն Թումասյանը նշեց նաև, թե ինչ կարող են անել դպրոցները, համայնքները կամ պարզապես քաղաքացիները՝ երեխաների իրավուքնների պաշտպանության ոլորտը բարելավելու համար։

Հունիսի 1-ը  կոչ է անում բոլորին՝ պաշտպանել երեխաներին, լսել նրանց ձայնը, օգնել նրանց զարգանալ ու ստեղծել մի աշխարհ, որտեղ ոչ մի երեխա  իրեն օտար չի զգա։

Եվ հիշե՛ք՝ երեխաների միջազգային օրվա ուղերձը շատ պարզ է․
Ցանկացած երեխա պետք է լինի՝ սիրված, պաշտպանված և նրա ձայնը պետք է լսելի լինի։

Ցուցադրել ավելի
Back to top button