Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ, եթե մեքենա վարող մարդիկ հանկարծ սկսեն փոխարենը գոնե մի քանի օր հեծանիվ վարել, ապա՝ ամբողջ մոլորակի ածխաթթու գազի արտանետումները կարող են նվազել մինչև 10%-ով։
Հեծանիվի համաշխարհային օրը սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2018 թվականի ապրիլին։ Մինչ օրս հեծանիվը համարվում է պարզ, մատչելի, հուսալի և էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտային միջոցը, որը չի աղտոտում օդն ու շրջակա միջավայրը։ Հեծանիվ վարելը դրական է ազդում ոչ միայն շրջակա միջավայրի պահպանմանը, այլ նաև, որպես սպորտաձև, բարելավում է մեր առողջությունը։
Մի հետաքրքիր փաստ ևս։ Հեծանիվը, որպես տրանսպորտային միջոց, օգտագործվում է ավելի քան 200 տարի: Հայտնագործման պատմությունը սկսվել է դեռևս 1817 թվականին, երբ գերմանացի Կառլ Դրայսը ստեղծեց հեծանիվի առաջին նախատիպը՝ առանց ոտնակների։
Իսկ երբ ֆրանսիացիները ավելացրին ոտնակները, ծնվեց առաջին իրական հեծանիվը։ Այսօր մենք ունենք ոչ միայն հարմար, այլև էկոլոգիապես մաքուր տրանսպորտ։ Ի դեպ աշխարհում առաջին 2000 մետրանոց հեծանվային մրցավազքը տեղի է ունեցել 1868 թվականի մայիսի 31-ին Փարիզի Սեն-Կլու արվարձանի այգու նրբանցքներում։
Հեծանիվի հայտնագործումից ի վեր՝ պատմության ընթացքում, այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Ի դեպ, հեծանիվների արտադրությունը մեծ դեր է խաղացել նաև տրանսպորտի այլ տեսակների, հիմնականում մոտոցիկլետների և ավտոմեքենաների տեխնիկական բազայի ստեղծման գործում։
Այսօր հեծանիվների կիրառումը բաժանվում է 3 խմբի՝ որպես մարդկանց և ապրանքներ տեղափոխելու միջոց, հեծանվավարություն և մրցուղիներ, վերջում՝ որպես զվարճանքի և հանգստի միջոց։ Որոշ երկրներում հեծանիվ վարելը մեծ ժողովրդականություն է վայելում և նույնիսկ համարվում է ազգային տրանսպորտ։ Ի դեպ, այսօր նաև տարածված է հեծանվային տուրիզմը։
Այպիսով, փաստ է, որ հատկապես խցանումներով լի քաղաքներում հեծանիվն ավելի արագ է ընթանում, քան՝ մեքենան։ Որքան էլ զարմանալի թվա, բայց հեծանիվը հաճախ հասնում է իր նպատակակետ ավելի շուտ, քան՝ մեքենան։
Եվ հիշենք, որ հեծանիվ վարելով՝ մենք օգնում ենք մոլորակին շնչել։ Ամեն անգամ, երբ մեքենայի փոխարեն հեծանիվն ենք նախընտրում, նվազեցնում ենք ածխաթթու գազի արտանետումները և պահպանում՝ շրջակա միջավայրը։





