Առաջինը՝ ոգին, երկրորդը՝ տեխնիկան։ Այսպես էր կարատեի մասին խոսում Շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշին։
Ինչպես արդեն կռահեցիք, այս թողարկմանը խոսելու ենք կարատեի մասին։ Ընթացքում զրուցելու ենք 6-ամյա Վարդան Իսկանդարյանի հետ, որն արդեն դեղին գոտի է կրում, վերջերս դարձել է Եվրոպայի գավաթի կրկնակի հաղթող և արծաթե մեդալակիր է, ու նաև Վարդանի հայրիկի՝ Նարեկ Իսկանդարյանի հետ, որը աշխարհի կրկնակի չեմպիոն է և միջազգային սպորտի վարպետ։
Ներկայացնենք նաև կարատեի մասին հետաքրքիր փաստեր.
- Կարատեն ստեղծվել է Ճապոնիայի Օկինավա կղզում, որի բնակիչներին արգելված էր զենք կրել։ Բնակիչները սակայն գտան ինքնապաշտպանության միջոցը և ստեղծեցին այս մարտարվեստը։
- «Կարատե» բառը կազմված է ճապոներեն երկու բառից՝ կարա, որը նշանակում է՝ դատարկ, և «տե», որը նշանակում է՝ ձեռք։
- Այս անվանումը արտացոլում է կարատեի հիմնական գաղափարը՝ ինքնապաշտպանություն առանց զենքի։ Այսպես ասած «Դատարկ ձեռքեր» մարտարվեստի փիլիսոփայությունը ընդգծում է, որ կարատեն հիմնված է մարդու ֆիզիկական և հոգեբանական կարողությունների վրա:
- Կարատեում կիրառվում է գոտիների գունային համակարգ, որը ցույց է տալիս մարզիկի առաջընթացն ու կարողությունները։ Սկսնակները սովորաբար կապում են սպիտակ գոտի՝ որպես մաքուր էջ։ Մարտարվեստը յուրացնելուն զուգընթաց փոխվում են մարզիկի գոտու գույները՝ դեղին, նարնջագույն, կանաչ և այլն։
- Գոտիների գույները մգանում են՝ մարզիկի վարպետության մակարդակի բարձրացման հետ մեկտեղ,նրա վերջնանպատակը՝ սև գոտին է։
- Կարատեն միայն ֆիզիկական հմտությունների մասին չէ․ այս մարտարվեստը մեծ ուշադրություն է դարձնում արժեքներին, որոնցից են կարգապահությունը, հարգանքը և համեստությունը։ Այս սկզբունքները մարզիկները կրում են և մարզասրահում և դրա պատերից դուրս,այն դառնում է կյանքի ուղեցույց։
- Կարատեի կարևոր բաղադրիչներից է կազմակերպված շարժումների հաջորդականությունների ուսուցումը, որոնք կոչվում են «կատա»-ներ։
- Դրանք օգնում են մարզիկին կատարելագործել տեխնիկան, զարգացնել մկանային հիշողությունը և կանխազգալ մարտական տարբեր իրավիճակներ։
Փաստերից անցում կատարենք մեր հաղորդման ամենակարևոր հատվածին։ Զրուցելու ենք 6-ամյա Վարդան Իսկանդարյանի հետ։ Նա վերջերս է դարձել Ավանդական կարատեի Եվրոպայի գավաթի կրկնակի հաղթող և արծաթե մեդալակիր է։





