Այսօրվա թեման հետաքրքիր և ուժեղ մի ռազմարվեստի մասին է, որը ստեղծվել է Խորհրդային Միության վաղ տարիներին։ Շատերդ, երևի, մեր հուշման շնորհիվ արդեն կռահեցիք, որ խոսքը Սամբոյի մասին է։
Ձեզ ենք ներկայացնելու Սամբոյի պատմությունը և թե ինչպես երկու տղամարդ ճապոնական ջիու-ջիթսուն դարձրին եզակի խորհրդային մարտարվեստ։ Բացի այդ՝ զրուցելու ենք 17-ամյա Միլենա Առաքելյանի հետ, որը 2024 թվականին 50 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
«Սամբո»-ն ստեղծվել է Խորհրդային Միության վաղ տարիներին և դարձել միջազգային ճանաչում ունեցող ըմբշամարտի ոճ։ Նախքան հայտնի մարտարվեստի վերածվելը՝ սամբոն գաղտնի սպորտաձև էր և օգտագործվում էր միայն Խորհրդային ոստիկանության և զինված ուժերի հմտությունները զարգացնելու համար։ «Սամբո» բառը հապավում է, որը նշանակում է՝ «ինքնապաշտպանություն առանց զենքի»։
Այս մարտարվեստը մշակել են երկու հոգի՝ Վասիլի Օշչեպկովն ու Վիկտոր Սպիրիդոնովը, որոնք, զարմանալիորեն, սպորտաձևի մշակման վրա աշխատել են միմյանցից անկախ։ Ի վերջո, նրանց կողմից մշակված այս երկու ուղղությունները միավորվեցին՝ դառնալով այն եզակի մարտարվեստը, որը այսօր հայտնի է «Սամբո» անունով։
Մի փոքր ավելի խորանալով ստեղծման պատմության մեջ՝ եկեք ներկայացնենք հիմնադիրներից՝ Վասիլի Օշչեպկովի անցած ճանապարհը և թե ինչպես նա դարձավ Սամբոյի հիմնադիրներից։
Այսպիսով, 11-ամյա որբ Վասիլի Օշչեպկովը տեղափոխվեց Ճապոնիա՝ ռուս–ճապոնական պատերազմից հետո, երբ Հարավային Սախալինը անցավ Ճապոնիային։ Ճապոնիայում ռուս ուղղափառ եկեղեցին նրան օգնեց տեղ գտնել Կյոտոյի հոգևոր սեմինարիայում, որտեղ, մյուս առարկաներից բացի, նա սկսեց ուսումնասիրել ջուդո։
1913 թ․ հունիսի 15-ին Օշչեպկովը՝ հաջողությամբ հանձնելով քննությունները, սև գոտի ստացավ։ Մի քանի տարի անց՝ 1917 թ․-ին, նա դարձավ առաջին ռուս մարզիկը և երրորդ եվրոպացին, որը արժանացավ ջուդոյի երկրորդ դանի կոչմանը։
1913 թվականին նա վերադառնում է Ռուսաստան և սկսում աշխատել հակահետախուզության ոլորտում։ Բացի իր հիմնական աշխատանքից՝ նա հիմնադրում է Ռուսաստանի առաջին ջուդոյի դպրոցը և սկսում մարզել Վլադիվոստոկի ոստիկաններին։
1929 թ․ Օշչեպկովը տեղափոխվում է Մոսկվա՝ աշխատելու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, որտեղ նա ուսումնասիրում է տարբեր մարտարվեստներ և ճապոնական ջիու-ջիցուի մեջ ներառում այլ ոճերից տարրեր՝ նպատակ ունենալով ստեղծել պատերազմական մենամարտերին ավելի հարմարեցված մարտարվեստ։
Նույն ժամանակահատվածում մեկ այլ մարզիկ՝ Վիկտոր Սպիրիդոնովը, որը Առաջին համաշխարհային պատերազմում վիրավորված վետերան էր, վերադառնում է մարզումների, որոնք ժամանակավորապես թողել էր առողջական խնդիրների պատճառով։ 1923 թ․ Սպիրիդոնովը Մոսկվայում՝ «Դինամո» մարզական ընկերության շրջանակում, սկսում է «հարձակում և պաշտպանություն» անունով դասընթաց։
Սպիրիդոնովը հեղինակում է նաև երեք գիրք, որոնք վերաբերում էին այս զարգացող մարտարվեստին։ Հաճախ գրքերում հանդիպում էր «ինքնապաշտպանություն առանց զենքի» արտահայտությունը։ Հետևելով հապավումներ կազմելու խորհրդային ավանդույթին՝ Սպիրիդոնովը հորինում է «Սամբո» նոր տերմինը, բայց նա չի ստանում այս հապավման բացառիկ իրավունքը, և որոշ ժամանակ անց մարզիկները սկսում են «Սամբո» անվանել նաև Օշչեպկովի կողմից մշակված համակարգը։
Ժամանակի ընթացքում «Սամբո»-ն պաշտոնապես բաժանվում է երկու ուղղության՝ մարտական և սպորտային։ Մարտական «Սամբո»-ն, որը մշակված էր Սպիրիդոնովի կողմից, ներառում էր տարբեր մարտարվեստների տեխնիկաներ և ըմբշամարտի ու հարվածային տեխնիկայի համադրություն, որը հետագայում վերածվում է մի ոճի, որը մոտ էր ժամանակակից մենամարտին։ Իսկ արդեն սպորտային «Սամբո»-ն, որը մշակված էր Օշչեպկովի կողմից, կենտրոնանում էր հիմնականում ըմբշամարտի տեխնիկայի վրա։
Թեև «Սամբո»-ն դեռևս չի ներառվել Օլիմպիական խաղերում, բայց 2021 թ․ հուլիսի 20-ին Միջազգային Օլիմպիական կոմիտեն լիարժեք ճանաչում տվեց Սամբոյի Սիրողական Միջազգային Ֆեդերացիային։ Հնարավոր է՝ «Սամբո»-ն առաջին անգամ պաշտոնապես ներառվի 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերում։
Դե իհարկե, ինչքան էլ պատմենք «Սամբո»-ից, մեզ պետք են մարզիկներ, որոնք զգացել են դրա ուժը և ազդեցությունը իրենց կյանքում։ Հենց այս պատճառով մենք հյուրընկալել ենք 17-ամյա Միլենա Առաքելյանին, որը Կիպրոսի Լիմասոլում անցկացվող սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնությունում 50 կգ քաշային կարգում գրավել է բրոնզե մեդալ։





