Այսօր հունիսի 19-նն է․ օրացույցից տեղեկանում ենք, որ հունիսի 19-ը մանկական ֆուտբոլի միջազգային օրն է։ Օրը նշվում է 2001 թվականից սկսած՝ Ֆուտբոլի միջազգայիյն ֆեդերացիայի և ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ։
Այս նախաձեռնության հիմնական նպատակը մանկական տարիքից սկսած առողջ ապրելակերպը խրախուսելը և ֆուտբոլ մարզաձևը հանրահռչակելն է, չնայած՝ ֆուտբոլն առանց այդ էլ աշխարհի ամենահանրաճանաչ մարզաձևն է։
Մանկական ֆուտբոլի միջազգային օրվա խնդիրներից մեկն էլ այս մարզաձևում տաղանդավոր երեխաներ գտնելն ու նրանց տաղանդը զարգացնելու հնարավորություններ ստեղծելն է։
Ֆուտբոլն իսկապես էլ աշխարհում ամենահայտնի մարզաձևն է։ Այն շատ են սիրում նաև երեխաները, որոնց ոգևորում են իրենց սիրելի ֆուտբոլիստների հռչակը, հաջողության պատմությունները, և շատ տղաներ «ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին վստահ պատասխանում են՝ ֆուտբոլիստ։
Այսօր էլ ամենասիրելի բակային խաղերից մեկը ֆուտբոլն է, ամենից շատ հաճախելիություն ունեցող մարզական խմբակը՝ ֆուտբոլի խմբակը և մանկական մեծ երազանքներից մեկը՝ հայտնի ֆուտբոլիստ դառնալը։
Մեր ծրագրի այսօրվա հյուրերի՝ եղբայրներ Սեմյոն և Ալեքսանդր Ալեքսանյանների կյանքում էլ ֆուտբոլը կարևոր տեղ ունի․ երկուսն էլ ֆուտբոլի են հաճախում, իսկ թե ինչու որոշեցին զբաղվել այս մարզաձևով և ինչ տեղ ունի այն իրենց կյանքում, կպարզենք զրույցի ընթացքում։





