«Ես երախտապարտ եմ իմ բոլոր հաղթանակներին, բայց ավելի շնորհակալ եմ իմ պարտություններին, որովհետև հենց դրանք ստիպեցին ինձ քրտնաջան աշխատել»։ Սա պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ Մուհամմեդ Ալիի մտքերից է ու գուցե կարդացածս ամենաոգեշնչող խոսքերից է։
Բարի լույս ու բարի գալուստ «Զարթուցիչ» հաղորդման երկուշաբթիօրյա թողարկում, որտեղ կրկին խոսելու ենք սպորտից և ձեզ տրամադրելու ենք,որ ավելի շատ շարժվեք և ավելի շատ մարմնամարզությամբ զբաղվեք, որովհետև սպորտը առողջություն է և դա միայն մենք չենք ասում։
Այսօր զրուցելու ենք նաև Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Մարատ Աճեմյանի հետ, որն օրեր առաջ նվաճեց իր երկրորդ ոսկե մեդալը։ Նա մեզ կպատմի իր նոր հաղթանակի մասին։
Բայց մինչ նրա հետ զրուցելը, ձեզ պատմելու ենք՝ ազատ, ֆոլքսթայլ և հունահռոմեական ըմբշամարտերի տարբերության մասին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները՝ 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք՝ Սկոպիեում անցկացված ըմբշամարտի, մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել 45 կգ քաշային Արեն Փիրուզյանը, 55 կգ քաշային Արմեն Պապիկյանը և 60 կգ քաշային Ռազմիկ Ոսկանյանը: Շնրոհավորում ենք նրանց՝ հաղթանակների կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ էին նվաճել Սկոպիեում անցկացված 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել էր առաջին տեղը:
Եկեք հասկանանք, թե ո՞րն է հունահռոմեական, ֆոլքսթայլ և ազատ ոճի ըմբշամարտերի միջև տարբերությունը։
Հունահռոմեական ոճը ըմբշամարտի ամենահին ձևերից մեկն է, որի արմատները հասնում են մինչև հին քաղաքակրթություններ՝ հատկապես հին Հունաստան ու Հռոմ, որտեղ էլ այս մարզաձևը ծաղկել ու զարգացել է դարերի ընթացքում՝ թողնելով ուրույն ազդեցություն ըմբշամարտում։
Այն հիմնված է հին Հունաստանի ըմբշամարտի ավանդույթների վրա, որտեղ մեծ մշակութային եւ սպորտային նշանակություն ուներ։
Ըմբշամարտի այս յուրահատուկ ոճը մարտի ընթացքում բացառում էր ոտքերի օգտագործումը․ մի առանձնահատկություն, որը պահպանվել է դարերի ընթացքում եւ մինչ օրս էլ այս մարզձևի հիմքերից է։
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերից բացի, կա նաև ֆոլքստայլ ոճը, որը առավել տարածված է Միացյալ Նահանգներում։ Ֆոլքստայլն ունի իր օրինաչափ դիրքերը եւ միավորների հաշվարկի կանոնները, որոնք հատուկ են միայն այս կարգին։
Խոսենք նաև հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի միավորների հաշվարկից և կանոններից։ Ընդհանուր առմամբ այս երկու ոճերը իրար նման են, սակայն կան կարևոր տեխնիկական տարբերություններ։
Ամենամեծ տարբերությունն այն է, որ հունահռոմեական ըմբշամարտում արգելվում է մարմնի գոտկատեղից ցածր հպումը, և ըմբիշին թույլ չի տրվում ոտքերը օգտագործել ոչ հարձակողական, ոչ էլ պաշտպանողական գործողությունների ժամանակ։
Այս պատճառով, հունահռոմեական ըմբիշները շատ ավելի են ապավինում իրենց վերին մարմնի ուժին՝ առավելություն ստանալու համար։
Երկու ոճերում էլ մենամարտերն սկսվում են ուղիղ կանգնած դիրքում, և արգելված է մրցակցին հավասարակշռությունից հանել՝ ոտքերի վրա ազդելու միջոցով։
Եզրափակելով՝ նշենք, որ հունահռոմեական ոճի հարուստ պատմությունն ու ժառանգությունը շարունակում են ձևավորել ըմբշամարտի աշխարհը։
Հաղորդման երկրորդ հատվածում զրուցում ենք Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Մարատ Աճեմյանի հետ։





