Լուրեր

Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

Հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: 

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):

Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ և արհեստական բանականության AI-ի միջոցով ստեղծել են իրենց ավարտական ֆիլմը՝ որպես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքի դրսևորում։ Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:

Հունիսի 29-ին՝ ժամը 15։00–ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Ցուցադրել ավելի
Back to top button