Իսկ դուք կարո՞ղ եք այսպես վստահ ինքներդ ձեր մասին ասել՝ ես շատ աշխատասեր եմ։ Իմ նոր ընկերը՝ Գրիգորը, սա, իսկապես էլ, վստահ է ասում և շատ լավ գիտի, թե երբ դա իմացավ։ Հայրիկին օգնում էր ավտոկայանատեղիի համար քարեր տեղափոխել և մեկ էլ զգաց, որ աշխատելն իրեն դուր է գալիս, ինչպես ինքն է ասում՝ շա՜տ հավես է։
Գրիգորը 8 տարեկան է, սովորում է Երևանի Ռ․ Սևակի անվան թիվ 151 դպրոցում, շատ է սիրում մայրենին, մաթեմատիկան, ֆիզիկան։ Դու՞ք էլ զարմացաք, երբ լսեցիք ֆիզիկայի մասին։
–Ախր դու դեռ ֆիզիկա չես անցնում, Գրիգո՛ր,–ասում եմ նրան։
–Հա, բայց ֆիզիկան ինձ շատ է հետաքրքրում,–պատասխանում է նա։
Գրիգորը նաև շատ է սիրում «Ես և շրջակա» առարկան, որի շնորհիվ սկսել է առողջ սնվել․ ո՛չ մի գազավորված ըմպելիք, միայն բնական հյութ կամ ջուր, ո՛չ մի չիպս, միայն պապիկի աճեցրած խնձոր և հենց իր աճեցրած պղպեղ։
Այստեղ կընդհատեմ Գրիգորի մասին պատմելը, որովհետև շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե լսեք մեր զրույցը․․․





