Մեր մոլորակը՝ Երկիրը, գնդաձև է և բաժանվում է 4 կիսագնդի․ Գրինվիչի ուղղահայաց միջօրեականով՝ Արևելյան և Արևմտյան, իսկ հասարակածով՝ Հյուսիսային և Հարավային կիսագնդերի։ Ո՛չ Գրինվիչի միջօրեականը և ո՛չ էլ հասարակածը աչքով տեսանելի բաժանարար գծեր չեն, իհարկե։ Պարզապես երկրագնդի առավել համակարգված ուսումնասիրության համար այդպես են պայմանավորվել աշխարհագրագետները։
Ի դեպ, «Աշխարհագրություն» գիտության մեջ ընդունված է երկրագունդը բաժանել նաև «մայրցամաքային» և «օվկիանոսային» կիսագնդերի, բայց սովորաբար, երբ խոսում ենք Երկրի կիսագնդերի մասին, ընդունված է հենց վերը նշված 4–ը նկատի ունենալ, Արևմտյանն ու Արևելյանը, և Հյուսիսայինն ու Հարավայինը։
Գրինվիչի միջօրեականը, որով երկրագունդը բաժանվում է Արևելյան և Արևմտյան կիսագնդերի, ծառայում է որպես աշխարհագրական երկայնության հաշվարկի սկիզբ և զրոյական ժամային գոտու միջին միջօրեականն է համարվում։
Ի տարբերություն հասարակածի, որը սահմանվում է որպես Երկրի պտույտի առանցքին ուղղահայաց մեծ շրջագիծ, որը հավասար հեռավորություն ունի երկու բևեռներից, Գրինվիչի միջօրեականի ընտրությունը ոչ մի ֆիզիկաաշխարհագրական իմաստ չունի․ այն ընտրվել է որպես աշխարհագրական երկայնության հաշվարկի սկիզբ պարզապես համաձայնությամբ։ 1884 թվականի հոկտեմբերի 13–ին Վաշինգտոնում անցկացվող միջազգային կոնֆերանսում ընդունվեց համաձայնագիր, ըստ որի Լոնդոնի Գրինվիչ արվարձանում գտնվող աստղադիտարանն ընտրվեց որպես զրոյական միջօրեականի անցման վայր, իսկ գրինվիչյան ժամանակն էլ կոչվեց համաշխարհային ժամանակ։
Երկիր մոլորակի այն հատվածը, որն ընկած է այդ միջօրեականից արևմուտք և 180 աստիճանի միջօրեականից դեպի արևելք, համարվում է արևմտյան կիսագունդը։ Արևելյան կիսագունդը երկիր մոլորակի այն հատվածն է, որը գտնվում է Գրինվիչի միջօրեականից դեպի արևելք և 180 աստիճանի միջօրեականից դեպի արևմուտք։
Երկրագնդի բնակչության 82% -ը ապրում է արևելյան կիսագնդում, իսկ 18%-ը՝ արևմտյան կիսագնդում։
Հասարակածը, ինչպես արդեն ասացինք, Երկրի պտույտի առանցքին ուղղահայաց և Երկրի կենտրոնով անցնող երևակայական այն մեծ շրջագիծն է, որը գտնվում է երկրագնդի բևեռներից հավասար հեռավորության վրա։ Այն բաժանում է երկրագունդը Հյուսիսային և Հարավային կիսագնդերի և ծառայում է որպես աշխարհագրական լայնության հաշարկի սկիզբ։
Հյուսիսային կիսագունդը մեր մոլորակի այն մասն է, որը գտնվում է հասարակածից վերև։ Հարավային կիսագունդը հասարակածից հարավ ընկած կիսագունդն է։ Ի դեպ, Խաղաղ օվկիանոսում կա մի պետություն, որը, որքան էլ զարմանալի թվա, տեղակայված է 4 կիսագնդի վրա էլ։ Դա Կիրիբատին է։
Տարվա եղանակները Հյուսիսային և Հարավային կիսագնդերում չեն համընկնում։
Հունիսին Հյուսիսային կիսագունդ է գալիս ամառը, մինչդեռ նույն ժամանակ Հարավային կիսագնդում սկսվում է ձմեռը։ Հարավային կիսագնդում ձմեռը, իհարկե, տարբեր է ընթանում, քան Հյուսիսայինում, բայց, օրինակ, Աֆրիկայի հարավի անապատային շրջանում, որը մեր մոլորակի ամենաշոգ վայրերից մեկն է համարվում, կարող է ձմռանը մինչև զրոյից 20 աստիճան ցածր ջերմաստիճան գրանցվել։
Վոլֆ ակտիվ հրաբուխը գտնվում է ուղիղ հասարակածի վրա, և միաժամանակ գտնվում է և՛ Հարավային, և՛ Հյուսիսային կիսագնդերում։
Բրազիլական Մակապա քաղաքը գտնվում է միաժամանակ և՛ Հարավային, և՛ Հյուսիսային կիսագնդերում։ Այս քաղաքում կա մարզադաշտ Estádio «Zerão», որը հասարակածի գծով կիսվում է երկու հավասար մասի։ Մարզադաշտի մոտ տեղադրված է Marco Zero-ն՝ հասարակածի «հուշարձանը»։

Կոնգո գետը երկու անգամ հատում է հասարակածը։
Հասարակածի պատվին են Հասարակածային Գվինեա և Էկվադոր պետություների անունները․ չէ՞ որ «էկվատորը» «հասարակած» բառի միջազգայնորեն ընդունված տարբերակն է։
Ի դեպ, հասարակածային բնական գոտու սահմաններում է տարածվում հասարակածային խոնավ մշտադալար անտառների՝ ջունգլիների թագավորությունը, բայց մեր կանաչ մոլորակի այս զարմանալի տարածքի մասին կպատմենք ձեզ հաջորդ հանդիպման ժամանակ։





