Լուրեր

Երևանում կանցկացվի Գեղարվեստական լուսանկարչության Առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնը 2026թ․–ի սեպտեմբերի 22ից–27ը կհյուրընկալի «Լուսանկարչության հեծանները»՝ Գեղարվեստական լուսանկարչության Առաջին միջազգային համաժողով, Երևան 2026–ը։

Վերջինս կհանդիսանա տարածաշրջանում լուսանկարչության շուրջ միջազգային քննադատական երկխոսության նոր հարթակ՝ համախմբելով լուսանկարիչների, հետազոտողների, համադրողների, հաստատությունների, թանգարանների ներկայացուցիչների շուրջ 20 երկրից։

«Լուսանկարչության հեծանները»՝ Գեղարվեստական լուսանկարչության Առաջին միջազգային համաժողով, Երևան 2026–ը նվիրված է երկու կարևոր հոբելյանի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին և հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի ծննդյան 80-ամյակին։ Այս համատեքստում ծրագիրը լուսանկարչությունը դիտարկում է ոչ միայն որպես գեղարվեստական արտահայտության, այլև՝ որպես հիշողության, պետականաշինության, էկոլոգիայի, ինքնության և պատմության շուրջ քննադատական հետազոտության միջոց։

«Լուսանկարչության հեծանները» խորագիրն ընդգրկում է վեց ենթավերնագիր, որոնք ուսումնասիրում են լուսանկարչության փոխակերպվող դերակատարությունը ժամանակակից հասարակություններում։

Գեղարվեստական լուսանկարչության Առաջին միջազգային համաժողով, Երևան 2026–ի պանելային քննարկումները կանդրադառնան լուսանկարչության և վերականգնող արդարության հարաբերությանը, արխիվների և հակապատմությունների քաղաքականությանը, լուսանկարչական արտադրության նյութական ու բնապահպանական ազդեցություններին, համահեղինակության և ազգային պետականությունից դուրս լուսանկարչության գործառույթներին, ինչպես նաև Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ժառանգությանը և անվանի լուսանկարչի ներդրմանը հայկական գեղարվեստական լուսանկարչության նոր գեղագիտության ձևավորման գործում։

Հնգօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են զեկուցումներ, գիտական ելույթներ, քննարկումներ, դասախոսություններ, հանրային ծրագրեր և հանդիպումներ, ինչպես նաև  Գագիկ Հարությունյանի ստեղծագործությանը նվիրված բազմավայր հետահայաց ցուցահանդես, որը կներկայացվի Երևանի արվեստային կարևոր հաստատություններում։

«Լուսանկարչության հեծանները»՝ Գեղարվեստական լուսանկարչության Առաջին միջազգային համաժողով, Երևան 2026–ի նպատակն է  Հայաստանի և տարածաշրջանի լուսանկարչական արվեստը ներառել ժամանակակից միջազգային գիտական և մշակութային քննարկումներում, խթանել լուսանկարչության պատմության ուսումնասիրությունն ու ապագաղութային վերաիմաստավորումն, ինչպես նաև ձևավորել երկարաժամկետ համագործակցություններ հայկական և միջազգային  հաստատությունների միջև՝ լուսանկարչության բնագավառում։

Գեղարվեստական լուսանկարչության Առաջին միջազգային համաժողով, Երևան 2026–ը ձգտում է Երևանը հաստատել որպես տարածաշրջանային կենտրոն, որտեղ լուսանկարչության տեսությունը, պատմությունը, ժամանակակից արվեստը և հանրային քննարկումը ստեղծում են նոր հնարավորություններ միջազգային ճանաչման և հայկական լուսանկարչության հանրահռչակման համար։

Ցուցադրել ավելի
Back to top button