Ի՞նչ դեր ունեն հայերը տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին
Այն, որ հայերը նորարար են տարբեր ոլորտներում, հայտնի է բոլորիս։ Հիշենք մի քանի անուններ՝ խորհրդային տարիներից՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյան, գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող Հովհաննես Ադամյան, Ալիխանյան եղբայրներ, որոնք Արագած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրլեռնային կայանը։ Եվ, վերջապես Սերգեյ Մերգելյան, որի տաղանդի շնորհիվ սկիզբ դրվեց ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրությանը Հայաստանում։

Հայ նորարարների թիվն այժմ էլ չի նոսրանում և նրանցից շատերին մենք հանդիպեցինք 23-րդ համաժողովի ժամանակ, այդ թվում՝ Ալեքսիս Օհանյանին։ «Հիմա շատ բան է փոխվել»,- նշում է Օհանյանը։ Հայաստանում նա տեսնում է այն, ինչ տարիներ առաջ չկար՝ մենք հիմա ունենք մի այլ պատկեր՝ ընկերություններ, որոնք միլիոնավոր դոլարների շուկայական արժեք ունեն և հիմնադրվել ու իրենց ճանապարհն են սկսել Հայաստանից։
Հայերի հաջողության գաղտնիքն, ըստ Reddit-ի հիմնադրի՝ աշխատասիրությունն ու սերն է ինժեներական կրթության հանդեպ։ Նա մեծ ուրախությամբ է պատմում ու խոսում Թումոյի մասին, որտեղ երեխաներն անվճար դիզայն ու ծրագրավորում են սովորում և, ամենակարևորը, ոչ թե գրքից են սերտում, այլ սովորում են փորձառու մարդկանցից։