Լուրեր

Փետրվարի 20–ը Թոմի ու Ջերիի մասին պատմող հայտնի մուլտֆիլմի ծննդյան օրն է

Թոմն ու Ջերին առաջին անգամ էկրանին հայտնվեցին 1940թ. փետրվարի 20-ին «Կատուն աքացի է ստանում» մուլտֆիլմում, որի հեղինակները ծաղրանկարիչ-մուլտիպլիկատորներ Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան էին։ Մուլտֆիլմը միանգամից «Օսկար» մրցանակի առաջադրվեց: Ճիշտ է, հենց այդ տարի մրցանակ չստացավ, բայց այնպիսի հաջողություն ունեցավ, որ մուլտֆիլմն արտադրող MGM ընկերությունը որոշեց. Թոմն ու Ջերին պետք է շարունակեն իրենց արկածները: Այդ օրվանից սկսվեց Թոմ կատվի և Ջերի մկնիկի հաղթարշավն աշխարհով մեկ: Ի դեպ, հետագայում «Թոմն ու Ջերին» մուլտսերիալի տարբեր սերիաներ 8 անգամ «Օսկար» արձանիկ են շահել:

Հենց առաջին ֆիլմում կատուն և մուկն այլ անուններ ունեին. կատվի անունը Ջասպեր էր, մկնիկինը՝ Ջինքս, որը թարգմանվում է այսպես՝ երջանկություն բերող: Բայց երկրորդ ֆիլմում արդեն նրանք Թոմն ու Ջերին էին և այդպես էլ մնացին:

Ջերիի նկարիչը Քեննեթ Մյուսն է եղել, իսկ կատվի կերպարի հեղինակը Իրվին Սփենսը: Թոմի շարժումներն ու դիմախաղն ստեղծելիս Սփենսին օգնում էին…հայելում իր արտացոլանքը, իր դիմախաղն ու շարժումները: «Պաշտում եմ Թոմասին նկարելը,-ասում էր նա,-նրա և իմ միջև շատ ընդհանրություններ եմ գտնում»:

Նկատե՞լ եք, թե՞ չէ, որ Թոմն ու Ջերին համարյա չեն խոսում, բայց մենք հասկանում ենք նույնիսկ նրանց մտքերը: Իսկ դա հենց այն խոսուն, հարուստ դիմախաղի շնորհիվ է, որ նրանք ունեն:

Թոմից ու Ջերիից բացի մուլտսերիալում կան երկրորդական կերպարներ. բուլդոգ Սփայքն ու նրա Թայք անունով քոթոթը, Թոմի մրցակիցը՝ Բուչ կատուն, Գոլդի ձկնիկը, Ջերիի զարմիկ Մասքլը, տանտիրուհին, ում դեմքը մենք այդպես էլ չենք տեսնում: Հեղինակներն այդպիսով ցանկացել են ընդգծել այն, որ այստեղ մարդը կարևոր չէ: Եվ, չնայած դրան, Թոմը, Ջերին ու մուլտի մյուս կենդանիներն օժտված են մարդկային հատկություններով և ունակություններով՝ կարդում են, գրում, երգում, նվագում, սիրահարվում և…անասելի հրճվանք պատճառում մեզ…

Ցուցադրել ավելի
Back to top button