Ռադիոլաբ

Կորոնավիրուսի դրական ազդեցությունը ՏՏ համայնքի վրա

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն սկսել է նոր շարք ՝ HiTech Talks, որի շրջանակում նախարար՝ Հակոբ Արշակյանի հրավերով ՏՏ ոլորտի հայ մասնագետները՝ ընտրելով թեմաներ, ներկայացնում են տեխնոլոգիական խնդիրները Հայաստանում, խոսում հնարավոր լուծումների, մեր երկրում տեխնոլոգիական ներուժի ու նաև  այս ոլորտում Հայաստանի և միջազգային կապերի մասին։

HiTech Talks-ի առաջին հյուրը Picsart ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանն է։

PicsArt-ը ֆոտոխմբագրման հայկական հարթակ է։ Հովհաննես Ավոյանը, Միքայել Վարդանյանն  ու Արտավազդ Մեհրաբյանն այն հիմնադրել են դեռ 2011 թվականին։ Հիմա ամենահայտնի ֆոտոխմբագրման հարթակներից մեկն է շուկայում: Միայն առաջին տարում հավելվածի ներբեռնումների քանակը հասել է մոտ 35 միլիոնի, հետո, տարեց տարի ավելի մեծ աճ է գրանցել։ Այժմ PicsArt-ն առաջ է անցնում  նույնատիպ մի շարք հարթակներից, քանի որ խմբագրման շատ գործիքներ է առաջարկում, հեշտ է կիրառման համար և ունի կրթական բաժին։

«Այսօր մենք կարող ենք համարել, որ ամենամեծ ֆոտոխմբագիր ծրագիրն ենք հեռախոսի վրա։ Այսօր PicsArt-ից օգտվողների թիվը հասել է ամսական 150 միլիոնի։ Եվ այդ մարդիկ ստեղծում են պատմություններ PicsArt-ի միջոցով՝ նկարներ, վիդեոներ, կոլաժներ և ֆոտոնկարներ ու պատմություններ»,- նշում է Հովհաննեսը։

Covid-19-ը գրեթե խաթարել է կյանքի բոլոր ոլորտները՝ աշխարհում փակվում  են գործարանները, ընկերությունները, մարդիկ դարձել են տնակյաց և հնարավորության դեպքում հեռավար են աշխատում։ Այս օրերին նույն կերպ է գործում նաև Հայկական ՏՏ համայնքը։ Հովհաննեսը նշում է, որ մինչ այս բոլորս էլ ականատես ենք եղել, թե ինչ տեմպերով ու արագությամբ է հայկական ՏՏ-ն զարգանում, սակայն այդ ամենի հետ, մենք ունենք խնդիր՝ աշխատուժի պակաս և ըստ տեխնոդեմքի, սա իդեալական ժամանակաշրջան է երիտասարդների համար նոր մասնագիտություն՝ ծրագրավորում սովորելու համար։

Հիմա Հայաստանում հեռավար են  աշխատում տարբեր ոլորտի մասնագետներ։ Սակայն, կարելի է ասել,  PicsArt-ն առաջիններից էր, որն անցավ աշխատանքի այս ձևաչափին։ Պատճառը շատերիս է հայտնի՝ Թումոյի շենքում Covid-19-ով վարակված մարդ էր մուտք գործել։ Բայց տնից աշխատելն էլ արագ ու հեշտ  ստացվեց, պատճառը մեկն է՝ ընկերությունն, ունենալով 500 աշխատակից, որի մի մասն աշխատում է ԱՄՆ-ից, արդեն հեռավար աշխատելու փորձ ուներ։

Իրավիճակը, որում ակամա հայտնվել ենք բոլորս, արդեն իր ազդեցությունն զգացնել է տալիս՝ կանխատեսումներ են արվում տնտեսական ճգնաժամի  և վերականգնման ժամանակահատվածների վերաբերյալ։ ՏՏ ընկերությունների բիզնես ակտիվության հետ այս ամենը նույնպես անմիջական կապ ունի։

«Ընկերությունների մի մասի վրա ունենալու է շատ ուժեղ ազդեցություն ճգնաժամը, IT ընկերությունները՝ ներառյալ։ Դժվար ժամանակներ են սպասվում, դրանք այն ոլորտներն են, որոնք կապված են սպասարկման, ճանապարհորդությունների հետ՝ Booking.com և այլ նման հարթակներ։ Այդ ընկերությունները կրելու են մեծ վնասներ ու երկար ժամանակ ազդեցությունն այդ ոլորտների վրա զգացվելու է»։


Կարող է լինել նաև հակառակ պատկերը՝ կլինեն ընկերություններ, որոնց վրա այս ամենը   դրական կազդի և նունիսկ կօգտվեն ստեղծված վիճակից։

«Տրամադրում են օնլայն աշխատանքի հնարավորություն, օնլայն ծառայություններ, էլեկտրոնային կոմերցիայի հնարավորություններ։ Այդ ոլորտներում աշխատող ընկերությունները պետք է աշխատեն այս հնարավորություններն օգտագործել ու ստանալ մեծ օգուտ, քանի որ այս պահանջարկը կտրուկ ստեղծվեց ու այս պահից հետո մարդիկ կսովորեն այս ծառայություններին ու պահանջարկը շարունակական կլինի»։

Ըստ Հովհաննես Ավոյանի ճգնաժամը, անգամ եթե իրավիճակը շտկվի, դեռ երկար կտևի։  Պիքսարտի համահիմնադիրը խորհուրդ է տալիս սովորել ու աշխատել նման պայմաններում և   նույնիսկ որոշ օգուտներ քաղել։


Ցուցադրել ավելի
Back to top button