Ռադիոլաբ

e-school Armenia. նոր օնլայն կրթական հարթակ դպրոցականների համար

Հայկական ցանցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը  գործարկել է մի նոր կրթական հարթակ՝ e-school Armenia-ն, որը հնարավորություն է տալիս դպրոցականներին, և ոչ միայն, սովորել կամ վերհիշել դպրոցում անցածը։ E-school Armenia-ի թիմը ցանկանում է ազգային մակարդակում առաջնորդել կրթական նորարարական տեխնոլոգիաների կիրառումը և ձևավորել դասավանդողների և ուսումնառողների ապագա սերունդներ։ Աջակցել դպրոցներին՝ դասավանդման և ուսումնառության փորձի ներդրման, և աշակերտներին՝ կրթական հաջողության հասնելու ճանապարհին։ Եվ, ահա, այս ամենը իրագործելու են հետևյալ կերպ։  

Սա այն դեպքն է, երբ տեխնոլոգիաները օգնության են գալիս կրթական ոլորտին։ 

«Թույլ է տալու ավելի լավ մատուցել նյութը, ավելի հասկանալի ձևով,հնարավորություն տալ մի քանի ձևով ուսումնասիրելու բովանդակությունը աշակերտին և ուսուցչին։ Եվ դրան կավելանա արդեն տեխնոլոգիաների համար դասական դարձած առավելությունները » ,- նշում է նախագծի տնօրեն Հայկ Դավեյանը։

Այսինքն, աշակերտը կարող է սովորել ցանկացած ժամի  և  ցանկացած վայրում՝ տեխնոլոգիաները ջնջում են աշխարհագրական և ժամանակային սահմանները։ 
Նյութերի և դասավանդողների ընտրության մասին խոսելիս, հարթակի համահեղինակը նշում է, որ այստեղ պետք  է խոսել երկու ժամանակահատվածի մասին՝ արտակարգ դրություն և դրանից հետո եկող ժամանակահատված։

Առաջինի դեպքում անհրաժեշտ էր արագ կողմնորոշվել ու ստեղծել նմանատիպ հարթակ և այն ուսումնական նյութերով լցնել, այս փուլում ուսուցիչների ընտրությունն էլ հատուկ չափորոշիչներով տեղի չի ունեցել՝ ընտրել են զուտ հիմնվելով մասնագետների երաշխավորումների վրա։ Արտակարգ դրության փուլին հաջորդող փուլում թիմը ուսուցիչների ընտրությունն այլ կերպ է կատարելու նաև ավելանալու են ուսումնական նյութերը՝ ընդգրկելով բոլոր դասարաններն ու առարկաները։

Վերջին 2 ամսվա՝ հեռավար ոսուցման ընթացքում, կրթության մասնագետները, ուսուցիչները, աշակերտները բախվեցին մի շարք խնդիրների, որոնք կապված էին և տեխնիկայի, և համացանցի հասանելիության , և՛ տարբեր ծրագրերով  աշխատելու  հմտությունների հետ։ 

«Ըստ մեր տվյալների միջինում 18 աշակերտի մեկ համակարգիչ է բաժին ընկնում, խոսքը այն համակարգիչների մասին է, որոնք դպրոցներում են,այս մասով մենք իրականում դժվարություն ունենք։ Սակայն, սա տեխնիկային հասանելության խնդիրն է և մոտավոր նույն սկզբունքով կարելի է դիտարկել նաև տներում համակարգչին հասանելիությունը, չնայած կան հետազոտություններ, որոնք բավական բարձր թիվ են ցույց տալիս։ Նկատած կլինեք, որ ուսուցիչները, նույն դասը ինչ-որ անում են դասարանում, անում են նաև տարբեր հավելվածների միջոցով; Օրինակ՝ Zoom-ով միանում են և դաս են անցկացնում 30,40, 45 րոպե։ Դա մի շարք դժվարություններ առաջացրեց՝ նախ նշածս դժվարության հետ կապված, հետո ոչ բոլոր տներում կան համակարգիչներ և եթե կան էլ, ապա ընտանիք կա, որ մի քանի երեխա ունի և դժվար է նույն ընթացքում մի տան մեջ երեք դասապրոցես անցկացնելը»։

Ըստ Հայկի, սա ոչ միայն կենցաղային, այլ նաև մեթոդական խնդիր է, անընդհատ դասապրոցեսի մեջ  լինելը՝  հեռավար ուսուցման պարտադիր պայմաններից չէ։ 

Առցանց ուսուցողական նախաձեռնությունն այս ամենի ֆոնին, թվում է, հաջողելու հնարավորություններ չունի, բայց ինչպես վստահեցնում է համահիմնադիրը՝ ամեն բան կարվի այն հաջոված ու շարունակական նախագիծ դարձնելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button