Ռադիոլաբ

Չատբոտ Տիգրան․ Օղակաձև այգու վիրտուալ լեգենդը

Առաջին անգամ մեր ծրագրավորողների կողմից ստեղծվել է չատբոտ, որն  ուսումնասիրում է մարդու վարքն  ու պահվածքը։ Նախագիծն անվանել են՝ Տիգրան և  «Տիգրան »   նախագիծն օգնելու է  հավաքագրել քաղաքացիների կարծիքը՝ մայրաքաղաք Երևանի տարբեր տարածքների վերաբերյալ։ Նախագծի առաջին մասում երևանաբնակները կփորձեն միահամուռ ուժերով պատկերել Օղակաձև այգու ապագա տեսքը։ Բայց մինչ այս ամենին անցնելը նախ հասկանանք, թե ինչ է չատբոտը։

Չատբոտի նախնական տեխնոլոգիան առաջին անգամ ի հայտ է եկել նախորդ դարի 50-ականներին, իսկ տերմինն առաջարկել է օգտագործել Մայքլ Մաուլդինին՝ 1994 թվականին։ Բոլոր չատբոտերը, թեև կարող են ունենալ որոշակի տարբերություն, բայց դրանց նպատակն ու տեխնոլոգիան նույնն է,  բոլորն էլ  երկխոսության համար նախատեսված համակարգչային ծրագրեր են, որոնք իրականացնում են հաղորդակցություն՝ տեքստային կամ ձայնագրված նամակների միջոցով։ Չատբոտերը սովորաբար օգտագործվում են հիմնականում  գործնական երկխոսություններում, ինչպիսիք են օրինակ՝ հաճախորդների սպասարկումը կամ տեղեկատվություն ստանալը: Որոշ չատբոտեր օգտագործում են կենդանի լեզուն, բայց ավելի պարզ համակարգերը փնտրում են բանալի բառեր, Մարդաբանության ոլորտն ուսումնասիրող չատբոտեր չկան՝  Տիգրանն առաջինն է։

Տարեսկզբին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն սկսեց Երևանում քաղաքային տարածքների փոխակերպման  ծրագիր մշակել․ որպես մեկնարկային հատված ընտրվեց Օղակաձև զբոսայգին։ Այգին ընտրեցին, հաշվի առնելով դրա գործառնական նշանակությունը։ Եթե չգիտեք, ասեմ Օղակաձև այգին Երևանի ամենաերկար այգին է և ի սկզբանե նածատեսված է եղել Կենտրոնի օդի մաքրման  համար։ Եվ այսպես, ստեղծվեց մի ծրագիր, որն ակտիվորեն  մարդկանց պետք է ներգրավեր քաղաքաշինության աշխատանքներում։ Ծրագրի ծավալը մեծ էր և միայն մարդկային ռեսուրսները բավական չէին  և այստեղ օգնության եկան տեխնոլոգիաները։ 

Տիգրանը վերացական կերպար է, բայց ինչի՞ ենք անունը դրել Տիգրան, այլ ոչ թե բոտային ինչ-որ անուն՝ օրինակ՝ սկզբից առաջարկ կար Ստրելկայի ռուսական թմից բոտի անունը դնել «գիտակից երևանցի» , ինչը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի իմ գործընկերների և իմ կողմից մերժվեց։ Եթե ինչ-որ մարդ իրեն գիտակից է համարում, դու սկսում ես քեզ անգիտակից համարել, դրա համար որոշեցինք մարդկայնացնել բոտը,- նշում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային տարածքների զարգացման ծրագրի համակարգող։

Եվ այսպես բոտերի աշխարհում ծնվեց ևս մեկը՝ Տիգրանը։ Տիգրանի  խոսակցական լեզուն  «ռոբոտային չէ», հնարավորինս նմանեցված  է առօրյա խոսակցական լեզվին։ Եթե դեռ  Տիգրանի հետ զրուցելու առիթ չեք ունեցել, ասեմ, որ նրան  հետաքրքրող հարցերի շրջանակը փոքր է՝ ձեր տարիքը, սեռը, այգու հատվածների գնահատումը, ինչ կփոխեիք դուք այս տարածքում և այլն։ Ինչ որ պահից Տիգրանն առաջարկում է դադարեցնել զրույցը, եթե  հոգնել եք։ Բայց եթե շարունակեք զրույցը վիրտուալ զրուցակցի հետ, ապա ընդհանուր առմամբ այն կարող է տևել 2 ժամ։ Բայց ասեմ․․․Տիգրանի հետ զրուցելը բավական հետաքրքիր է, քանի որ զրույցի ընթացքում ներկայացնում է բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ, տեղեկատվություն, գիֆեր Օղակաձև այգու մասին, պատմում է նաև այգում գտնվող հուշարձաններից յուրաքանչյուրի պատմությունը։ 

Ներկայումս, երբ ամեն քայլափոխին խոսվում է անձնական տվյալների պաշտպանության մասին, հարց կառաջանա, թե բացեիբաց Տիգրանի հետ զրույցը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Լիլիթը նշում է, որ ամբողջ անհատական տվյալներից իրենք  պահում ու օգտագործում են միայն մարդու տարիքն ու սեռը, դա  նրա համար է, որ  այգին կառուցելիս նկատի ունենան, թե հիմնականում որ սեգմենտի համար են վերակառուցում այն։ Լիլիթը նշում է, որ ոչ մի օգտատիրոջ տվյալ չի պահպանվելու իրենց մոտ և առավելևս չի փոխանցվելու երրորդ կողմի։

Թեև գործի հիմնական մասն  անում են տեխնոլոգիաները՝ հավաքագրում ու զտում է տեղեկատվությունը, սակայն մարդիկ էլ անելիք ունեն։ Այն հարցերը, որոնց պատասխանները ենթադրում են երկար տեքստեր և չեն սահմանափակվում միայն այո կամ ոչ-ով, Տիգրանն այդ գործը հանձնում է մարդկանց։ Այդպես ավելի ճիշտ են համարում։

Տիգրանի կերպարը հեշտ չեն ստացել։ Սկզբում մտածել են՝ վերցնել իրական կերպար, որը կխորհրդանշի հին երևանցու։ Սակայն չեն գտել և արդյունքում որոշել են խառը կերպար ստեղծել։ Եթե ուշադիր նայեք Տիգրանին, ապա անպայման կնկատեք, որ մի փոքր նման է Մհեր Մկրտչյանին, մի փոքր՝ Ալեքսանդր Թամանյանին և էլի մի քանի հայտնի մարդու։ Եթե հետարքրում է նաև Տիգրանի տարիքը բոտը միջին տարիքից մի քիչ մեծ երևանցու կերպար է և, ըստ Լիլթի, այս կերպարն ընտրվել է հենց նրա համար, որպեսզի մարդիկ ակնածանքով ու հավատով վերաբերեն Տիգրան բոտին։

Իսկ նրանց համար, ովքեր 2 ժամ ժամանակ կունենան ու կհասնեն հետազոտության վերջին, Տիգրանը նվեր ունի ։

Ցուցադրել ավելի
Back to top button