Ռադիոլաբ

Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսով հիվանդների տվյալների հանրայնացումը. պարզաբանում է մասնագետը

Պարզաբանում մասնագետից ադրբեջանական հարձակման, կորոնավիրուսով հիվանդների տվյալների հանրայնացման հետ կապված։ Մեր փորձագետը Սամվել Մարտիրոսյանն է։

Մի քանի օր առաջ ադրբեջանական հաքերները համացանցում  հրապարակել էին կորոնավիրուսով հիվանդ մեր հայրենակիցների անձնական տվյալները։ Տվյալներից  հայտնի է եղել բուժվողի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հասցեները, հեռախոսի համարները, ինչպես նաև, թե ում հետ է շփվել  հիվանդը։

Ըստ Սամվել Մարիտրիոսյանի սա մեկ բան է նշանակում՝ պետական համակարգում մարդիկ իրար տեղեկատվություն են փոխանցում անվերահսկելի էլեկտրոնային համակարգերից։ Օրինակ՝ mail.ru-ից։ Եվ, ըստ փորձագետի, դեռ պարզ չէ, թե քանիսն են տիրապետում այս տվյալներին։  

«Սա ոչ միայն ադրբեջանական հաքերների տեսանկյունից է վատ, այլ ինչ-որ մարդիկ հաստատ տանում են տուն այդ տվյալները, նայում են։ Շատ փնթի վիճակ է» ,- նշում է փորձագետը։

Թեև շատերն ասում են, թե ինչ խնդիր կա, եթե հասցե է հրապարակվել, բայց տվյալ իրավիճակը մի շարք վտանգավոր ռիսկեր է պարունակում։ Նախ՝ հանրայնացվում է մարդու առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիքը։ 

Սամվել Մարիտիրոսյանը նշում է, որ  գաղտնի պետք է պահվի  նաև վարակվողի և վարակողի տվյալները, քանի որ սա էլ կարող է միջանձնային վատ հարաբերությունների և  իրական հետապնդումների առիթ դառնալ։

«Հաջորդը անձնական տվյալներն են, որը խնդիր է, եթե հայտնի է իմ անձնագրի տվյալը, հեռախոսի համարը, հասցեն, սա թույլ է տալիս անել այն, ինչ անվանում են անձի հափշտակում, հայերեն նույնիսկ նորմալ տերմին էլ չկա։ Այսինքն՝ ձեր անունից կարող են որոշ գործողություններ իրականացվել։ Պրիմիտիվ բան՝ կարող են վարկ վերցնել։ Դուք դառնում եք խոցելի տարբեր կիբեռժուլիկների համար։ Հազար ու մի բան կարող է լինել»։ 

Կարող են զանգել, ներկայնալ բանկի, ոստիկանության, հիվանդանոցի աշխատող և այլն։ Իսկ նման իրավիճակները սովորաբար անցանկալի  շարունակություն են ունենում։ 

«Հազար ու մի ձև ձեզ կարող են խաբել, որովհետև, եթե այսքան տվյալ գիտեն, կարող են շատ վստահելի լեգենդ ստեղծել ու ձեզ ստիպել լրացուցիչ տվյալներ տալ այդ մարդկանց ու սա այնպես չի, որ տեսական վտանգներ են, ռեալ խնդիրներ են և գնալով վատանում է  ու պետք է քիչ բան ընկնի ցանց՝ բոլորին հասանելի ձևով»։ 

Կիբեռհանցագործները դարձել են շատ հնարամիտ և գրեթե ամեն ամիս ինչ-որ նոր բաներ են հորինում մեր բոլորիս տվյալներն ստանալու համար։

Չնայած դեպքը մասնագետը որակում է, որպես «շատ վատ դեպք», բայց նաև նշում է, որ ամենավատ իրավիճակը չէ, քանի որ տվյալների ամբողջական բազան չի հայտնվել չարագործների ձեռքերում։

Իսկ բացասականը   մեդիագրագիտության պակասն  է, ինչի հետևանքով,  չի բացառվում, որ հետագայում   էլ  նման դեպքեր լինեն։ 

«Կոնկրետ այս հաքերային խումբը, որ արել է, Ռենջեր է իրեն կոչում, թիթիզ են ու ինչ ունեն, լցնում են ցանց: Ենթադրում եմ, որ ավել պակաս բան չունեն՝ սա դրական մասն է։ 10 օրվա մեջ երկրորդ արտահոսքն է,առաջինը մահացածների ցուցակն էր, այնտեղ հաքերական բան չկար, ներքին արտահոսք էր, մեկը՝ մյուսին էր փոխանցել, բայց դա էլ նշանակում է, որ մեկը կարող է դնել թևի տակ ինչ տվյալ ուզես, հանել, տանել, ուրիշին տալ և այլն։ Կամ իրա mail.ru-ով ուրիշի Rambler-ին ուղարկի»։ 

Նման իրավիճակներում չհայտնվելու և կիբեռհանցագործների թիրախը չդառնալու համար բոլոր մասնագետները միակարծիք նշում են․ անձնական տվյալների հետ աշխատանքը պետք է լինի չափազանց զգույշ, իսկ տեղեկատվությունը պետք է  պահպանել  ապահով ամպային տարածներում։ Օգտվեք բացառապես  ապահով և պահպանվող էլեկտրոնային փոստերից։

Ցուցադրել ավելի
Back to top button