Լուրեր

Վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի և վերին ենթաշրջանի գազամատակարարումը

Արցախի Հանրապետությունում այս օրերին լայն թափով իրականացվում են նաև գազամատակարարման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: 

Ստեփանակերտի սեփական տներում և բազմահարկ շինություններում կրկին երկնագույն կրակից օգտվելու հնարավորություն կա: Մայրաքաղաքի բազմաբնակարաններում գազամատակարարումն անջատվել է անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով: 

«Արցախգազ» ընկերությունից հայտնում են, որ բազմահարկ շենքերի գազամատակարարումը կվերսկսվի բնակիչների ժամանելուն զուգահեռ, քանի որ մեծ է հավանականությունը, որ պատերազմի ժամանակ շատերն անզգուշորեն գազասպառման սարքավորումները թողել են միացված: 

Այս օրերին աշխատանքները շարունակվում են Ազատամարտիկների-Տիգրան Մեծի փողոցների հրետակոծված հատվածներում, որտեղ զգալիորեն տուժել են գազատարները: Նոր խողովակաշար կանցկացվի Իսակով-Սասունցի Դավիթ հասցեների բազմաբնակարանների գազամատակարարումը վերականգնելու նպատակով: Արդեն լրիվությամբ վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի և վերին ենթաշրջանի գազամատակարարումը: Երկնագույն կրակը վաղը հասանելի կլինի նաև Մարտունի, Ճարտար քաղաքում, ապա նաև Բերդաշենի ենթաշրջանում:

Աշխատանքները շարունակվում են, ցանկը լրացվում է և կհրապարակվի լրացուցիչ:

Ցուցադրել ավելի
Back to top button