Լուրեր

Ազնավուրը մկրտվել է այնտեղ, հետո՝ պսակադրվել. Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ հայկական տաճար

Hayernaysor.am կայքը «Հայկական հետք» բաժնում պատմում է Ֆրանսիայի հայկական համայնքի ու Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ հայկական տաճարի մասին։

Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են դեռևս վաղ միջնադարում՝ հայաշատ դարձնելով Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Բորդո, Վիեն, Վալանս և մի շարք այլ քաղաքներ։ Ձևավորելով ակտիվ հայ համայնք՝ Ֆրանսիայի հայերը ստեղծել են բազմաթիվ դպրոց-վարժարաններ, հասարակական և մշակութային կենտրոններ, որոնք ծառայում են ի նպաստ հայապահպանության գործին։ Դրան զուգահեռ ակտիվ է եղել նաև հոգևոր կյանքը։

Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայկական կրոնական համայնքները միավորված են Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջաններում։ Երկրում հայկական հոգևոր կյանքի ամրապնդման հարցում կարևոր դեր ունի Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Cathédrale arménienne de Saint-Jean-Baptiste։ Այն կառուցվել է 1904 թվականին 20-րդ դարի խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով՝ 1 միլիոն 540 հազար ֆրանկ։ Շենքը նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Դեզիրե Գիլբերտը։ Եկեղեցին գտնվում է Փարիզի 8-րդ Ժան Գուժոն փողոցում՝ Ելիսեյան դաշտերի հարևանությամբ։

Ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ մատուցվում է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հենց Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում է մկրտվել և պսակադրվել աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը: 2018 թվականի հոկտեմբերի 6-ին եկեղեցու մոտակայքում հավաքվել էին մեծաքանակ հայեր ու ֆրանսիացիներ՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությանը։ Նրանք ծափահարություններով  ճանապարհեցին մեծն արտիստին։

Ցուցադրել ավելի
Back to top button