Մեկնարկ

Չհանձնվել. Մեկնարկ

Էրեբունի ՊՀԱԹ-ի ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանը ներկայացնում է աշխարհում հայտնի ու տարածված, Հայաստանում՝ հազվագյուտ իր մասնագիտությունը։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում երկու այդպիսի մասնագետ կա, պարզ կդառնա, որ «հազվագյուտ» բառն այստեղ օգտագործելը խիստ տեղին է։

«Ճարտարապետ-վերակազմողի մասնագիտությունը պետք չէ շփոթել ճարտարապետ-վերականգնողի մասնագիտության հետ։ Իմ մասնագիտությունը կապված է եռաչափ մոդելավորման հետ, և դրա արդյունքը պատկերային է, ոչ նյութական»,-ասում է Ռուբենը և համաձայնում, որ իր մասնագիտության մեջ մի քանի այլ մասնագիտություն է ապրում՝ հնագետ, պատմաբան, գրաֆիկ-դիզայներ։

Էրեբունի ՊՀԱԹ-ում Ռուբեն Սարգսյանը զբաղվում է Վանի թագավորության հնավայրերի վերակազմությամբ, իսկ վերջերս՝ նաև հնագույն ժամանակներում ապրած արքաների, թագուհիների, քրմապետերի հագուստի վերակազմությամբ։

Թե ինչպես մեր այս հաղորդման հյուրը գտավ իր մասնագիտությունը, արժե լսել։ Դա որոնումների պատմություն է։ Փոքր տարիքից սկսած ամեն մի հնավայր, որը տեսնում էր, մի հարց էր առաջացնում․ տեսնես ինչպիսին է եղել այս վայրը, կառույցը այն ժամանակ, երբ նոր է ստեղծվել։

18 տարեկանում, ինչպես ինքն է ասում, «ինձ համար անհայտ պատճառով որոշեցի ծննդյանս տարեդարձը դիմավորել Էրեբունի ամրոցում, որտեղ մինչև այդ երբևէ չէի եղել»։ Հետո՝ բանակ, որտեղ կարդալու շատ ժամանակ է ունեցել, բանակից հետո շարունակել է բուհական կրթությունը, ստացել գրաֆիկ-դիզայների մասնագիտություն, աշխատել մասնագիտությամբ ու հասկացել, որ ինքն ավելին է ուզում ստեղծել, քան թույլ է տալիս իր մասնագիտությունը․ուզում է մնայուն արժեքներ ստեղծել, հետո․․․Դե, չէ, իսկապես էլ արժե լսել Ռուբենին, այնպես որ, շարունակությունը՝ մեր զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button