Լուրեր

Ապրիլի 15․ Արշիլ Գորկու ծննդյան օրն է

«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով: Բայց այն, ինչը երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»։
Ուիլյամ դը Կունինգ

«Նա»-ն Արշիլ Գորկին է՝ աշխարհահռչակ հայ նկարիչը, որի անունով 20-րդ դարի 30-40-ական թվականների ամերիկյան արվեստի շրջափուլը հաճախ բնութագրվում է որպես «Գորկու շրջան», և որի մասին 1967թվականին ֆրանսիական մամուլը գրեց. «Գորկին միակն է, որը կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»:

Արշիլ Գորկի, նույն ինքը՝ 1904 թվականի ապրիլի 15-ին Վանի նահանգի Խորգոմ գյուղում ծնված «Ոստանիկ» չքնաղ հայկական անունով տղան՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյանը։ Նույն ինքը՝ անցած դարի մեծագույն նկարիչներից մեկը, որին գաղթի ճանապարհները հասցրին հեռավոր ԱՄՆ՝ աչքերում միշտ վառ թողնելով ծննդավայրի գույներն ու պատկերները, և ամեն ինչի մեջ՝ ամենավառը․ մոր կերպարը։

Գորկին սիրում էր հետևել, թե ինչպես են նկարում երեխաները: Հաճախ էր քրոջը՝ Վարդուշին ասում. «Նրանք իսկական նկարիչներ են` հինավուրց ժամանակների նկարիչներ։ Նրանք այնքան մաքուր են և այդպես էլ նկարում են: Երբ մենք էլ ենք ցանկանում այդպես նկարել, չի ստացվում: Այն, ինչը մեզ համար այդքան բարդ է, նրանց համար բնական է»:

Հատվածներ Արշիլ Գորկու՝ քրոջը գրած նամակներից․

«Իմ շատ սիրելիներ,
Վարդու՛շ, թանկագի՛նս, նկարների այն շարքը, որի մասին խոսում էի, պատկերում է Հայաստանում Խորգոմի մեր պարտեզները: Ես դրանք անվանել եմ «Պարտեզ Սոչիում», թեպետ իրականում պետք է անվանեի «Պարտեզ Խորգոմում» և կարծում եմ, որ այդպես էլ կանեմ, որովհետև այդպես էլ կա: Ավա՜ղ, ամերիկացիները ոչինչ չգիտեն Հայաստանի մասին, և ինձ ասել են, որ նրանք գերադասում են առավել «հայտնի» վայրերի անունները: Կարծում եմ, որ դա սխալ է, և դեռ կանդրադառնամ դրան: Սակայն վերնագրերն այնքան էլ կարևոր չեն: Կարևորը Հայաստանի ոգեշնչումն է, որն առաջնորդում է իմ նկարչությունը, ինչը, սակայն, ամերիկացիները դժվարությամբ են հասկանում:

…Վարդու՛շ, թանկագի՛նս, պատկերացնու՞մ ես, թե ինչպես են քննադատները շաղակրատում. դիմակ, որը թաքցնում է նրանց դատարկությունը: Օրինակ, նկարների այդ շարքում ամենավառ ձևով պատկերել եմ հայկական այն գեղեցիկ հողաթափերը, որ ես ու հայրիկն էինք հագնում, այն հողաթափերը, որ գնել էինք Վանում հայ նկարիչներից, երբ ես ու հորեղբայր Գրիգորը ձիով այնտեղ էինք գնացել: Հիշու՞մ ես: Նրանք համառորեն դրանք անվանում են թուրքական կամ պարսկական հողաթափեր: Ճիշտ այնպես, ինչպես որ արաբական սուրճը կոչում են թուրքական: Սիրելի՛ քույր, շատ կուրախանաս, երբ իմանաս, որ նկարների այդ շարքի մեջ է մտնում նաև մայրիկի հայկական խնոցին՝ մեր աշխատասեր գեղջուկ կանանց թագի գոհարը: Ինպես են այդ օրերը վառ կերպով դրոշմվել հոգուս մեջ:
Մայրիկի հայկական աչքերը նրանք անվանում են պիկասոյական, հայկական տխրությունը՝ բյուզանդական ու ռուսական: Եվ եթե ես ուղղում եմ նրանց ու ասում. «Ո՛չ, սիրելի՛ պարոններ, դուք սխալվում եք, դրանք հայկական աչքեր են», ապա տարօրինակ ձևով վրաս են նայում ու ասում, որ դա պարզապես «փոքր ազգի շովինիզմի» չափազանցություն է: Պատկերացնու՞մ ես, եթե ուղղես նրանց, ապա դատապարտվում ես նրանց կողմից:
Մեր աչքերը: Մեր հայկական աչքերն ավելի շուտ են խոսում, քան շուրթերը կշարժվեն և դեռ շարունակում են խոսել, երբ շուրթերն արդեն դադարել են խոսել:

Աշխարհի առաջին քրիստոնեական երկրի զավակին նրանք մահմեդական են կարծում: Նրանք անընդհատ փորձում են ինձ ուսումնասիրել, բայց ոչ թե ինձ, այլ նրանց է պետք զննել ու ստուգել՝ պարզելու, թե ինչն է նրանց հասցրել տգիտության աստիճանին: Միշտ էլ եղել են անկեղծության սահմանները թափանցող շառլատաններ, նորույթի ալքիմիկոսներ, որոնք միամիտ մարդկանցից ավելի խելոք լինելով՝ խաբում են նրանց փարիսեցի քննադատների հետ։ Բայց կապարը չի կարող ոսկի լինել: Կարելի է կարծել, թե Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել, մեր հին նախնիներին, որոնք այնքան բան են արել քաղաքակրթության ու արվեստի ստեղծման համար, այստեղ փաստորեն չեն ճանչում: Ինձ վրդովեցնում են շովինիզմի նրանց մեղադրանքները, երբ ես փորձում եմ բացատրել իմ մտքերը:

Ավելի հաճախ գրիր, սիրելի՛ քույրիկ: Վիրջինիա նահանգը հիշեցնում է Հայաստանի հարթավայրերից մեկը, հատկապես, երբ իջնում էինք Արարատ-Արաքս դաշտավայրով, թեև, իհարկե, այդքան փառահեղ չէ: Շուտով նորից կգրեմ, որպեսզի ձեզ հետ ավելի մանրամասն քննարկեմ արվեստը: Կարոտում եմ բոլորիդ: Շատ համբույրներով:
Քո՝ միշտ սիրող եղբայր
Գորկի»

Ցուցադրել ավելի
Back to top button