Ռադիոլաբ

Տիեզերքի առաջին զբոսաշրջիկները, նոր այֆոնը, Թելոսա ապագայի քաղաքն ու ֆեյսբուքի խելացի ակնոցները

Ամերիկացի գործարար Մարկ Լորը հայտնել է չափազանց հավակնոտ նախագծի՝ «նոր դրախտային քաղաք» հիմնելու մտադրության մասին։ Ըստ Լորի, գաղափարն ամենևին ուտոպիստական չէ, այն ամբողջությամբ իրատեսական է և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության և ընդհանուր զարգացման սկզբունքների վրա: Ապագա քաղաքն արդեն ստացել է իր անվանումը՝ Telosa։ Գործարարը ցանկանում է կառուցել կապիտալիզմն առանց իր բնածին թերությունների՝ մի բան, որի մասին երազում էին Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, իսկ Եվրոպայից գաղթածները փորձում էին դա իրականացնել որոշ բնակավայրերում:

Մարկ  Լորի կողմից գնված 150 հազար հեկտար հողատարածքը, որի վրա էլ կառուցվելու է քաղաքը, կղեկավարի քաղաքային հիմնադրամը, որը հողակտորները վարձակալությամբ կտա և դրանից ստացված եկամուտը կհատկացնի քաղաքի կարիքները հոգալու համար: Առաջին փուլում ծախսերը կկազմեն մոտ 25 միլիարդ դոլար, քաղաքում բնակություն կհաստատեն 50.000 մարդ, սակայն մի քանի տարի անց բնակչությունը կաճի մինչև 5 միլիոն, իսկ քաղաքի բյուջեն ենթադրվում է, որ կգերազանցի 400 միլիարդ դոլարը:

Telosa-ի բոլոր շենքերը էներգաարդյունավետ են լինելու՝ կունենան արևային վահանակներ, ջրի հավաքման և պասիվ օդորակման համակարգեր: Ճանապարհային տեղաշարժման համար կօգտագործվեն էլեկտրամեքենաներ և հեծանիվներ, իսկ արագ տեղափոխումների համար կօգտագործվի օդային տաքսի: Քաղաքը հագեցած կլինի առաջադեմ տեխնոլոգիաներով և ավտոմատացված նորագույն տեխնիկայով։

Այժմ քաղաքի նախագիծը մշակման փուլում է, իսկ շինարարությունը կսկսվի 2030 թվականին:

Փաստորեն այն, ինչի մասին միայն կարող էինք մոտավոր պատկերացում կազմել կամ էլ լավագույն դեպքում տեսնել հոլիվուդյան ֆանտաստիկ ժանրի ֆիլմում, այն էլ հատուկ էֆֆեկտների միջոցով, իրականություն դառնալու ամենաիսկական ճանապարհին է: Հետաքրքրությամբ սպասենք նոր՝ ապագայի  քաղաքին …

Սինգապուրում փորձարկում են երկու ինքնավար ռոբոտների, որոնք հսկում են հասարակության համար «անցանկալի սոցիալական վարքագծի» դրսևորումներ։ Այնպիսիք են, օրինակ` արգելված տարածքներում ծխելը կամ COVID-19 հակահամաճարակային կանոնները խախտելը:

Xavier անունով ռոբոտները հագեցած են 360 աստիճան տեսախցիկներով և սենսորներով։ Շնորհիվ տեխնիկական հագեցվածության, դրանք ունակ են ինքնավար շարժվել հանրության մեջ և վերլուծել հանրային անվտանգության հնարավոր խախտումները:

Բա, իսկ մենք բողոքում ենք պարեկային ծառայության նոր ու խիստ աշխատողներից:

Մինչ մենք շտապում ենք գնել վերջին մոդելի խելացի ժամացույցը, Facebook ընկերությունը թողարկում է իր առաջին «խելացի ակնոցը»: Դա կարևոր քայլ է «լրացված իրականություն» ապահովող սարքերի արտադրության ուղղությամբ: Առաջին տեսակն արտադրվել է Ray-Ban իտալական ընկերության հետ համագործակցությամբ:Այս ակնոցը թույլ է տալիս լուսանկարել և տեսագրել կարճ հոլովակներ, որոնք հնարավոր է տեղադրել Facebook-ում, Instagram-ում և What’s App-ում: Բացի այդ, օգտատերը կարող է այդ ակնոցով նաև երաժշտություն և պոդքաստներ լսել և հեռախոսով խոսել: Ըստ նախնական տեղեկության, Facebook-ի «խելացի ակնոցի» գինը կկազմի մոտ 299 դոլար: Հայտնի է, որ տեղեկատվական ոլորտի մյուս հսկաները՝ Amazon-ը, Google-ը, Microsoft-ը և Apple-ը, նույնպես աշխատում են «խելացի ակնոց» ստեղծելու ուղղությամբ: 

Webb Fontaine-ի նոր կրթական նախաձեռնությունը՝ Sourcemind-ը անվճար դասընթացներ է առաջարկում 18-ից բարձր երիտասարդների համար։ Ծրագրի մասին ավելի մանրամասն հաղորդման ընթացքում ներկայացնում է նախագծի ղեկավար Կարինե Վարդազարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button