Զարթուցիչ

Երբ մի քանի րոպեով ձեզ այցելում է մանկությունը

Այսօր՝ հոկտեմբերի 14–ին, աշխարհում նշվում է Տեսողության համաշխարհային օրը։ Կարծում ենք՝ ավելորդ էլ է խոսել այն մասին, թե որքան կարևոր են մեր աչքերը՝ աշխարհի մասին տեղեկատվության զգալի մասն ապահովող այդ օրգանները, ու թե որքան կարևոր է աչքերի առողջության մասին հոգ տանելը։ Բոլորս գիտենք այդ մասին և, չնայած դրան, շարունակում ենք անխնա վերաբերվել մեր աչքերին։ Իրականում, եթե մեր աչքերը շատ լուրջ խնդիրներ չունեն, այնպիսի խնդիրներ, որոնց դեպքում բժշկի վերահսկողությունն անհրաժեշտ է, ապա աչքերի խնամքը մեզնից շատ հաճախ մեծ ջանքեր չի պահանջում․ մի քիչ ինքնավերահսկում, մի քանի պարզ սովորությունների մշակում և կիրառում,  պարզագույն վարժություններ, ճիշտ սննդակարգ։

Ի դեպ, այդ մասին է Ռադիո Արևիկի «Առողջության այբուբեն» շարքի զրույցներից մեկը, որը կոչվում է «Աչքի լույսի պես պահենք աչքերի լույսը» և որը կարող եք գտնել մեր կայքում։ Դե, իսկ պարզ սովորություններից մեկն էլ սա է․ սովորություն դարձրեք տարվա մեջ առնվազն երկու անգամ այցելել ակնաբույժին՝  նույնիսկ եթե ընդգծված բողոքներ չունեք․ ցանկացած խնդիր կանխելն ավելի հեշտ է, քան բուժելը։

Բոլորիս տանն էլ կա մի անկյուն, որտեղ ապրում են մեր մանկության գրքերը՝ գունեղ, նկարազարդ, սիրելի հերոսներով լի։ Ճիշտ է, մեծացել ենք, և հիմա ուրիշ գրքեր են դրված մեր գրասեղանին ու դարակներում, բայց այսօր, երբ ազատ ժամանակ ունենաք, ձեր մանկական գրքերը հանեք գրապահարանի խորքից ու դրանց մեջ գտեք այս մեկը, որն այսօր նշում է իր ծննդյան 95–ամյակը։ Խոսքը «Վիննի Թուխը և բոլոր–բոլորը» գրքի մասին է։

95 տարի առաջ՝ 1926թ հոկտեմբերի 14–ին Լոնդոնում լույս տեսավ Ալան Միլնի «Վինի Թուխ» վիպակը, որի հերոսները՝ Վիննի արջուկը և նրա բոլոր ընկերները, դարձան հաջորդ բոլոր սերունդների մանկության սիրելի ուղեկիցները։ Եվ նույնիսկ հիմա, երբ տարիները ձեզ հեռացրել են Վիննի Թուխից, բացեք գրքի ցանկացած էջ, կարդացեք ցանկացած գլուխ ու․․․հրաշք կկատարվի․ մի քանի րոպեով ձեզ կայցելի մանկությունը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button