Ռադիոլաբ

Ֆեյսբուքից՝ Մետա․ Ռադիոլաբ

Այս հաղորդմանը խոսել ենք սոց․ցանցերի վերադասավորումներից, ֆեյսբուքի ռեբրենդինգից  ու նաև այն  մասին, թե իր գլխին սև ամպեր կուտակած ընկերությունն  ինչպե՞ս է տեսնում ապագան։

Վերջապես եկավ հոկտեմբերի 28-ը։ Ֆեյսբուքի հիմնադիր՝ Մարկ Ցուկերբերգի էջում ուղիղ հեռարձակմամբ մեկնարկեց “Connect 2021” շնորհանդեսը։ Ուղիղ  մեկ շաբաթ՝ այս տեսամիջոցառմանն էին սպասում    բազմաթիվ օգտատերեր ու տեխնոաշխարհը՝սպասում էին, որ իմանային ֆեյսբուքի նոր անունը։ Դե հա․․․ շրջանառվող տեղեկությունների համաձայն, ընկերությունը ռեբրենդինգի պետք է ենթարկվեր ու ներկայանար նոր անունով։

«Ֆեյսբուք ընկերությունում բավական լուրջ խնդիրներ կան։ Ֆեյսբուքը հասկանում է, որ իր ամենապոպուլյար պլատֆորմը՝ facebook.com-ը և դրա համապատասխան հավելվածը վերջին շրջանում կորցնում է օգտատերերի։ Երիտասարդները էնտեղ կամ գրանցվում և պասիվ են լինում կամ առհասարակ խուսափում են էդ պլատֆորմից։ Ամբողջ աշխարհում սկսել են խոսել էն մասին, որ ֆեյսբուքը լավ չի մոդերացնում, ազդում է քաղաքականության վրա, Զաքըրբերգին մի քանի անգամ կանչել են ԱՄՆ-ի կոնգրես, հարցեր տվել ․․․ » — մեկնաբանում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Այսինքն  բրենդի նկատմամբ արդեն իսկ կային նեգատիվ ընկալումներ։ Մյուս կողմից՝ ֆեյսբուքի առավել արագ զարգացող հարթակները, օրինակ մեսինջեռը,որը գրեթե առանձնացավ բուն հավելվածից, ինստագրամն ու վոթսափը շարունակվեցին պահանջված լինել։

Արթուր Պապյան — «Բավական լավ զարգացում ունի Oculu s VR-ը՝ ֆեյսբուքի վիրտուալ իրականության այս համակարգը և հիմա Մարկ Զաքըրբերգի մոտ կա այս գաղափարը․ բիզնեսը փրկելու համար վերաբրենդավորել, ստեղծել այսպես կոչված մետավերս համակարգ հասկացությունը»

Այդպես էլ եղավ, ավելի կոնկրետ ընկերության նոր անունն է «Մետա»։ Այն ունի հունական ծագում և նշանակում է դուրս կամ հակառակ  կողմից ։ Մեր օգտատերերից շատերը հիմա հարցնում են, այսինք ի՞նչ, այլևս հեռախոսով ֆեյսբուքի փոխարեն մտնելու՞ ենք «Մետա»։ Ոչ-ոչ, բոլորովին։ Հավելվածն ու կայքը շարունակելու են հանդես գալ նույն անունով, ինչպես և ընկերության մյուս բոլոր հավելվածները։ Պարզապես փոխվում է ընկերության, այսպես ասենք՝ կորպորացիայի անունը, որը բացի այս սոցիալական ցանցերից զբաղվելու է մի շարք տեխնոլոգիական նորարարական նախագծերով։

Ցուկերբերգի խոսքով նոր անվանումը շատ մոտ է, այն ամենին, ինչով  զբաղվում են իրենք։

 «Մենք փորձում ենք դուրս գալ սմարթֆոնների էկրաններից, դուրս գալ բոլոր այն շրջանակներից, որոնք այժմ կանգնած են մարդկանց միջև։ Մեզ համարում են սոցիալական ցանց, բայց մենք վաղուց է, ինչ ընկերություն ենք, որը միացնում է մարդկանց։ Ֆեյսբուքն այն է, ինչը մենք կարողացել ենք ստեղծել նախկինում՝ հաշվի առնելով տվյալ ժամանակի տեխնիկական հնարավորությունները։ Մետատիեզերքը նոր սկիզբ է համացանցի ու ֆեյսբուքի համար։ Մենք այսօր անցնում ենք հնարավորից այն կողմ, հատում ենք ֆիզիկական տարածության սահմանները»,- հայտարարել է Ցուկերբերգն ու ներկայացրել ընկերության նոր տարբերանշանը՝ կապույտ Մեբիուսի՝ անվերջության ժապավենի տեսքով։

Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշը ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կունենա վիրտուալ իրականության մեջ ներկա լինելու էֆեկտ։

Արթուր Պապյան — «Նա փորձում է փոխարինել իրենով վիրտուալ իրականությունը, այսինքն համարում է, որ օրինակ ֆեյսբուքը դա մեծ հասցեների գիրք է, բոլորն էնտեղ են, 2․5 միլիարդ մարդ։ Ֆեյսբուքը ձեզ տալիս է նաև խմբային հաղորդագրությունների պլատֆորմ, դա մեսենջեռն է, ֆեյսբուքը ձեզ տալիս է անվտանգ հաղորդագրությունների պլատֆորմ, որը վոթսափն է, և երիտասարդների կամ էսպես ասած դիսիդենտների համար տալիս է ինստագրամ պլատֆորմը և իհարկե Օկուլուսը՝ խաղային ու վիրտուալ իրականության։ Եվ հիմա ինքը ուզում է այնպես անել, որ մարդկային  ամբողջ կոմունիկացիան, ամբողջ ինտերացիան լինի իր հարթակներից  որևէ մեկում։ Հիմա փորձում է ինքը էդ ամբողջը միավորել, որ դուք ուր շրջվեք, եթե դուք մտնում եք ինտերնետ, հայտնվում եք իր մետավերսում։ Նա փորձում է ձեզ էնտեղ անընդհատ պահել, ձեզ անընդհատ հետաքրքրություններ նետել ՝ խաղ, շփում, գործ և այլն, որպեսզի կողքից գովազդ ցույց տա և էդ գովազդի հաշվին հարստանա։ Սա է ամբողջ տրամաբանությունը էս պատմության»։

Ցուկերբերգը խոսում էր ապագայի մասին ու ներկայացնում այն հնարավորությունները, որոնք իր ընկերությունը կընձեռի մարդկանց։ VR ակնոցների միջոցով, այսուհետ հնարավոր կլինի միմյանց հետ շփվել ու հաղորդակցվել վիրտուալ իրականության աշխարհում․ տարբեր երկրներում գտնվող մարդիկ տպավորություն կունենան թե նստած են իրար կողքի, միևնույն սեղանի շուրջ։ Սա նաև հարմար գործիք է հեռավար աշխատանք կազմակերպելու համար։ Կկրճատվեն գործուղումները, մարդիկ ստիպված չեն լինի կոնֆերանսներին ու ժողովներին մասնակցելու համար մեկնել այլ քաղաքներ։

Ֆեյսբուքի հիմնադիրը գովազդեց նաև հանրահայտ GTA San Andreas խաղի հատուկ մշակումը Oculus-ի համար։ Այն արդեն հնարավոր կլինի խաղալ առաջին դեմքով՝ հայտնվելով խաղի հերոսի փոխարեն։ Խաղերի մասին ավելի շատ նորություններ նա խոստացավ հայտնել Oculus Gaming Showcase միջոցառման ժամանակ։

Իր ելույթը նա ավարտեց՝ ասելով, որ ապագան լինելու է մեր հնարավոր պատկերացումների սահմաններից դուրս։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը հաստատում է, որ հիմա հասել ենք մի կետի, երբ մեր երկրում մոտ 1․4 – 1․5 մլն մարդ ակտիվորեն օգտվում է «Ֆեյսբուք» ցանցից, սակայն այս թիվը այլևս աճելու միտում կարծես չունի։

Արթուր Պապյան — «Հայաստանում ֆեյսբուքը դեռևս անկում չի գրանցել, սակայն Հայաստանում ֆեյսբուքը էս վերջին 1-1․5 տարին առաջին անգամ է որ աճ էլ չի գրանցել։ Նախկինում մենք անընդհատ տեսնում էինք, որ ամեն ամիս 5-10% աճ կա, էս վերջին մի քանի ամիսներին որևէ աճ չենք արձանագրում, փոխարենը աճ է գրանցվում օրինակ թիքթոքում, ինստագրամում և սա հետաքրքիր դինամիկա է։ Այսինքն բոլոր էն մարդիկ, որոնք որ պիտի ֆեյսբուքում գրանցվեին արդեն գրանցվել են, ինչ-որ մարդիկ երևի նույնիսկ սկսել են էնտեղից արտահոսել, իսկ նոր օգատերերն արդեն գրանցվում են այլ հարթակներում»։

Ցուցադրել ավելի
Back to top button