Ռադիոլաբ

Learning Tech Conference 2021․ Ի՞նչ և որտե՞ղ սովորել

Անցած շաբաթ ՏՏ ոլորտի շուրջ 20 փորձագետ միավորվել էին  Learning Tech տեխնոլոգիական կոնֆերանսի շուրջ, որ իրենց փորձով և օգտակար տեղեկություններով հաղորդակցվեն ոլորտի ապագա մասնագետների հետ։ Ի՞նչ սովորել, որտե՞ղ և ինչպե՞ս։ Պատասխանում են մասնագետները։ Եվ այսպես, համալսարանական կրթություն թե՞ գործնական, կարճաժամկետ կուրսեր։

Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ-ի մեծ դահլիճում՝ նախապես գրանցվելով, հավաքվել էին ուսանողներ մայր ԲՈՒՀ-ից, Պոլիտեխնիկից, Հայ-Ռուսական ու այլ համալսարաններից ․․․ Նաև երիտասարդներ ու միջին տարիքի մարդիկ, որոնք ուզում են մուտք գործել ՏՏ ոլորտ, կամ՝ արդեն սկսնակ են այստեղ։ «HelpSystems Armenia» ընկերությունը կազմակերպել էր տեխնոլոգիական կոնֆերանս ու ներգրավվել ոլորտի հայկական առաջատար կազմակերպություններին, ստարտափների ու փորձագետների։

«Մենք կազմակերպում էինք հանդիպումներ մեր ավագ մասնագետների հետ, ask senior – տենց ֆորմատ ունեինք, որի շրջանակներում սկսնակ կամ ապագա ծրագրավորողները հնարավորություն էին ստանում մեր ավագ մասնագետներից ․․․ ինչ հարց ուզում են տան և ստանան պատասխան։ Ու մենք հասկացանք, որ մարդկանց ավելի շատ հետաքրքրում ա ի՞նչ սովորել, որտե՞ղ սովորել, ինչպե՞ս դառնալ մասնագետ։ Այսինքն չնայած էն բանին, որ կան էսքան ԲՈԻՀ-եր, էսքան ուսումնական կենտրոններ, էսքան կուրսեր հասանելի բոլոր օնլայն հարթակներում և այլն, մարդկանց մոտ այնուամենայնիվ հարցեր են մնում ու մենք որոշեցինք կազմակերպել այս կոնֆերանսը, հրավիրենք ոլորտի առաջատար մասնագետներին, ոչ միայն ծրագրավորող, և՛ որակի ապահովման մասնագետ, UI/UX դիզայներ, և՛ մարքեթինգ և ամբողջական, մի կտորով ինֆորմացիա տանք թե ի՞նչ մասնագիտություններ կան, ինչպե՞ս դառնալ մասնագետ, որտեղի՞ց սկսել ․․․» — ասում է «HelpSystems Armenia» ընկերության առաջատար մասնագետ ու Learning Tech կոնֆերանսի մոդերատոր Վահրամ Մարտիրոսյանը։

Ահա հենց այս հարցերին իր ելույթում փորձեց պատասխանել Technical Recruiter Աչ Պետրոսյանը, ով ՏՏ ոլորոտում 8 տարվա աշխատանքային փորձ ունի։

Աչ Պետրոսյան — «Ո՞նց ա կարիերան սկսվում ՏՏ-ում։ Առաջինը ցանկությունն ա, այսինքն անկախ նրանից թե ի՞նչ ճանապարհով եք գալիս, կարաք գաք Կոնսերվատորիայից, կարաք գաք ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից, ․․․․․ ամեն դեպքում պետք ա դուք ինչ-որ պահի որոշում կայացնեք, արդյո՞ք ուզում եք էս ոլորտում աշխատել։ Եթե ուզում եք, ապա ի՞նչ մասնագիտությամբ եք ուզում աշխատել։ Նոր լծվեք էդ ծանր աշխատանքին, որովհետև ՏՏ-ն իրա բոլոր բարիքներով ամեն դեպքում սկզբում բավականին բարդ ա, որովհետև մենակ դուք չեք, որ ուզում եք»։

Աչ Պետրոսյանը խոսեց իր փորձից․ երբ ոլորտ մուտք գործելու հստակ որոշումն արդեն կայացրել եք, երկրորդ քայլը՝ սկսելն է, ինչն անշուշտ, շատ ժամանակ ու էներգիա է տանում, անդադար սովերելու ու փնտրուքների շրջան  է։

Որտե՞ղ սովորել ․․․ Համալսարանական կրթությունն արդյո՞ք ապահովում է որոշակի չափորոշիչներ։ Պանելային քննարկման ժամանակ այս հարցին անդրադարձան հայկական առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները։

«Ես ստանդարտացմանը կողմ եմ, և ստանդարտացումը Երևանի պետական համալսարանն ա և այլ ԲՈՒՀ-եր որոնք ֆունդամենտալ գիտելիք են տալիս։ Օրինակ եթե ML ոլորտի մասին խոսենք, ֆունդամենտը դա մաթեմատիկան ա, մաթ անալիզը, գծային հանրահաշիվ, ստատիստիկ, … ինքը նույնն ա, ֆունդամենտը պետք ա ստանալ, դրանից հետո արդեն գնալ տարբեր տեղեր և մտնել ML-ի մեջ։ Մենք ունեինք մասնագետ, ով PHD էր մաթեմով, ընդհանրապես ML-ին ծանոթ չէր, կես տարում senior level-ին հասավ, բայց ինքը շատ ֆունդամենտալ մաթեմ գիտեր։ Այ ստանդարտացումը երևի էդ լեվըլում պետք ա լինի, նենց որ ինչքան գիտելիք կարաք քաշեք ձեր մեջ» — նշում է «Krisp» ընկերության ճարտարագիտության գծով տնօրեն Տիգրան Սարգսյանը։

Գիտելիքն իհարկե կարևոր է, բայց, այսպես ասած, ֆորմալ կրթությունն ու դիպլոմն այս ոլորտում վաղուց չեն կարևորում։ Այս համոզմանն է «Renderforest»-ի ՏՏ ղեկավար Էդգար Մարուքյանը։

Էդգար Մարուքյան — «Եթե մարդ ավարտել ա Կոնսերվատորիան, արդյոք նա կարա դառնա ծրագրավորող, եթե մարդ ավարտել ա դիցուք նկարչական ֆակուլտետը ․․․ իրականությունը հետևյալն ա․ ինչ-որ պահի մենք հանձնվեցինք դիպլոմներ նայելու պրոցեդուրայից ու ընդհանրապես էլ չնայեցինք։ Այսինքն անիմաստ էր էդ դիպլոմները, որովհետև էդ համալսարանական խոստումը դրա տակ չկար։ Չկար այն մինիմում ստանդարտը, որ եթե մարդը ավարտել ա այսինչ համալսարանը առնվազն գիտի այսինչ գիտելիքները, էդ չկար։ Ու ստեղ հարց էր առաջանում դե եթե էդ ա, ինչ տարբերություն ինքը կոնսերվատորիան ա ավարտել թե ասենք մաթանալիզը կամ կիբերնետիկայի ֆակուլտետը, եթե սենց թե նենց էդ խոստումը չկա դրա տակ ․․․․ պետք ա հասկանալ, որ ծրագրավորում սովորեցնել հնարավոր չի, անհնար է։ Մարդ ծրագրավորում սովորում է ինքնուրույն, մենք ուղղակի կողքից ճիշտ ուղղություն ենք տալիս, ի՞նչ գիրք կարդա, ո՞ր հմտություններն ավելի շատ զարգացնի և այլն»։

«Նույն տեղը կարելի ա շատ տարբեր ճանապարհներով գալ։ Ես էս տարիների ընթացքում ունեցել եմ կոլեգաներ, որ բացարձակ ինքնուս են, միգուցե բարձրագույն կրթություն էլ չեն ունեցել, բայց շատ բացառիկ ցուցանիշներ են ունեցել թեքում։ Ու ունեցել ենք նաև կոլեգաներ, ում միշտ մեծ հիացմունքով եմ նայել, օրինակ մասնագետ՝ ֆիզիկայի ֆակուլտետից ․․․ ֆիզիկները շատ ուժեղ ծրագրավորողներ են լինում, եթե փորձում են․․․․ պետք է ֆունդամենտալ գիտելիք, չմտածեք որ համալսարանում անցնում եք այսինչ բանը, ուրեմն պետք չէ ․․․․ իդեալական կլինի պրակտիկը համադրել ստացված համալսարանական գիտելիքի հետ ․․․․» — ասում է «Picsart»-ի տեխնիկական տնօրեն Հովհաննես Գրիգորյանը։

Ինչպես հասկացանք, կարևորը ձեռք բերածով ու եղածով  չսահմանափակվելն է։ Ցանկացած տեղեկատվություն, գիտելիք, որը տրվում է՝ պետք է վերցնել ու առանց կանգ  առնելու զարգացնել ու կիրառել  գործնական  նախագծերում։ Ծրագրավորող Ռուբեն Մեսչյանն ԱՄՆ-ում ընտրել էր բժշկի մասնագիտութունը։ Սովորել և ուսումնասիրել է կենսաբանություն ու քիմիա։ Բայց մի գեղեցիկ օր հետաքրքրվեց ծրագրավորման ոլորտով, համալսարանում փոխեց բաժինն ու սկսեց  ծանոթանալ javascript ծրագրավորման լեզվին։ Մինչ այդ համալսարանական ծրագրում Ռուբենին դասավանդում էին իր կարծիքով, այն ժամանակվա դաշտում չկիրառվող լեզուներ։ Հետո արդեն առանձին տեղերում տարբեր կուրսեր անցնելով, հասկացավ թե որքան կարևոր էին իր նախնական գիտելիքները։

Այս ու շատ այլ հետաքրքիր հարցրեր քննարկվեցին Learning Tech տեխնոլոգիական կոնֆերանսի ընթացքում։ Մեկ  եթերաժամը բավարար չէ բոլոր խոսնակների ելույթներն ու  մտքերը ներկայացնելու համար, ուստի, հետևեք Ռադիոլաբի մյուս թողարկումներին, այդ օրը ձայնագրված ինֆորմացիոն ռեպորտաժների դեռ էլի կհանդիպեք։

Ցուցադրել ավելի
Back to top button