Ռադիոլաբ

Armed հավելվածն ու ինստագրամյան ֆիլտրները․ Ռադիոլաբ

Այս հաղորդմանն առաջարկում եմ լսել՝ առողջապահական համակարգի թվայնացման ու էլեկտրոնային գործածման հարմարությունների մասին։ Կանդրադառնամ նաև Holiday Spark Challenge տոնական ինստագրամյան ֆիլտրերի մրցույթին։ Ինչպե՞ս պատրաստել սեփական ֆիլտրը՝ այն օգտագործելու համար հասանելի դարձնելով ցանկացած մարդու։

Աշխարհում գոյություն ունեցող նոր խնդիրներն ու մարտահրավերներն իրենց հետ բերում են փոփոխություններ մեր առօրյայում ու դրանց անբաժանելի մասն է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ ՔՈՎԻԴով պայմանավորված՝ պատվաստանյութերի կամ թեստավորման հավաստաման անհրաժեշտության նպատակով գործի դրվեցին բջջային հավելվածները։ Հայաստանում գործում է armed հավելվածը, որը մշակվել  ու սպասարկվում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության կողմից։

Armed համակարգի տնօրեն Ավետ Մանուկյան «Վակցինացիայի արդյունքում համակարգը թողարկում ա վակցինացիոն սերտիֆիկատ, որի վրա դրվում ա QR կոդ։ Էդ QR կոդը ճանաչելի ա այսօր և՛ Եվրասիական միության տարածքում Путешествия без КОВИД ապլիքեյշընի միջոցով, և Եվրոպական միության միացած շատ պետությունների կողմից։ Հատուկ ինտեգրացիոն աշխատանք է կատարվել armed-ի և եվրոպական համակարգի միջև, ու իրանց ստանդարտներով նույնպես գեներացնում ենք QR կոդ, դա կարող եք տեսնել մոբայլ ապլիքեյշընի մեջ։ Էստեղ 2 տեսակի QR կոդ կա, մեկը ներքին օգտագործման, որը սքանավորելու դեպքում դուք հայտնվում եք մեր պաշտոնական կայք, որտեղ էլ տեսնում եք էդ սերտիֆիկատը ու համոզվում եք, որ թողարկված ա ճիշտ մարդու համար, և մյուսը՝ դրոշակը, եվրոպական, երբ որ էդ QR կոդն եք ընտրում որպես հիմնական, ակտիվացնում եք իրան, դա արդեն հատուկ ապլիքեյշըններ կան, որ սահմանը հատելուց կամ ինչ-որ սրճարան մտնելուց Եվրոպայում , եթե պահեն էդ QR կոդի վրա, դուք կտեսնեք, որ դա կանաչ ա, ձեզ ներս կթողնեն»։

Ներբեռնելով հավելվածը հեռախոսում, հաստատելով մեր ինքնությունն ու sms կոդ ստանալով՝ մենք  գրանցվում ենք։ Այնուհետև մեզ հասանելի է դառնում քովիդի մեր ամբողջ թեստավորման պատմությունն ու ընթացիկ վիճակը։ Եթե դուք նախկինում հիվանդացել եք, ապա առողջացել, հավելվածում, որոշակի ժամանակահատված, ձեր QR կոդը կանաչ կլինի, իսկ այդ շրջանն անցնելուց հետո կանաչ գույնը կկորի։

Առողջապահության նախարարության կողմից նոր օրենքների մշակման դեպքում Armed հավելվածը նույնպես ենթարկվում է փոփոխությունների։ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի խոսքով հանրային սննդի վայրեր, թանգարաններ, թատրոններ ու այլ փակ հաստատություններ մուտք գործելու և անհրաժեշտության դեպքում  քովիդի բացասական թեստի կամ  պատվաստման հավաստագիր ներկայացնելու ժամանակ  նույնպես կարող եք օգտվել հավելվածից վերիֆիկացնելու միջոցով։

Որոշ քաղաքացիներ հավելվածն օգտագործելիս հանդիպել են խնդիրների։ Ավետ Մանուկյանից հետաքրքրվեցինք զանգերի կենտրոնին հասած ահազանգերի ու տարվող աշխատանքի մասին։ Օգտատերերի feedback-երը հաճախ օգնել են նաև հավելվածն ավելի հարմարավետ դարձնելուն, շտկվել են փոքրիկ տեխնիկական խնդիրներ։ Իսկ ապագայում ի՞նչ թարմացումներ են սպասվում այստեղ։ Կիմանաք եթե լսեք հաղորդումը։

Ի դեպ, երբ սքրինշոթ եք անում ձեր պատվաստման QR կոդն ու  տեղադրում սոցցանցերում, ձեր անձնական տվյալները հասանելի եք դարձնում մյուսներն։ Անձնագրի տվյալներ կամ հեռախոսահամար չի երևա բացված պատուհանում, սակայն ձեր ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը հասանելի կլինի QR կոդը բացած անձանց համար։ Հիշեք սա։

Մետա ընկերությունը, որին պատկանում  է նաև ինստագրամը, դեկտեմբերին մրցույթ էր կազմակերպել ու հրավիրել ֆիլտրեր շատ սիրողների ուշադրությունը։ Այն տևեց մինչև դեկտեմբերի 21-ը։

«Մրցույթը նվիրված էր գալիք տոներին, կոչվում ա holidays spark challenge: Digital creator-ները, այսինքն էն մարդիկ, ովքեր պատրաստում են ֆիլտրեր, պետք ա պատրաստեին տոնական ֆիլտր, օգտագործելով իրենց տված օբյեկտները։ Ես պատրաստել եմ 2 ֆիլտր։ Մասնակցել է մոտ 1500 հոգի ամբողջ աշխարհից, Հայաստանից կարծես մենակ ես եմ, չեմ հանդիպել ուրիշ մասնակցի։ Ձայները որոշվում է ըստ քո էֆֆեկտի օգտագործումների ու շեյր անելու քանակի» — նշում է մրցույթի մասնակիցներից Վիկա Հովսեփյանը։

Արդյունքները կամփոփվեն հունվարի 20-ին։ Մինչ այդ ընկերության տեխնիկական մասնագետները ստուգելու են, թե արդյոք  հաղթանակի հավակնորդ մասնակիցներն իրենց միավորները արդար ու բնական ճանապարհով են հավաքել։

Առաջին հորզիոնականը զբաղեցնողը ստանալու է ոչ ավել, ոչ պակաս 50․000 ԱՄՆ դոլար։ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են պատրաստվում բոլորիս կողմից այդքան կիրառելի ինստագրամյան ֆիլտրերը, հատուկ դիզայներական տաղա՞նդ է հարկավոր, ծրագրավորման որոշակի հմտություննե՞ր, թե ինչ որ այլ բան։ Պարզվում է ամեն ինչ շատ ավելի դյուրին է՝ հաջողության հասնելու համար ստեղծարար մտածողություն է պետք։

Վերջերս ինստագրամում մեծ տարածում գտավ Վիկայի պատրաստած Qami ֆիլտրը: Մանկական Եվրատեսիլի մեր հաղթող պատվիրակ Մալենայի գեղեցիկ սիմվոլներով make up-ը դիմակի տեսքով հասանելի դարձավ յուրաքանչյուր օգտատիրոջ։ Նույն սկզբունքով՝ Վիկան նաև անիմացիոն շարժապատկերներ՝ գիֆեր է պատրաստում, որոնք հասանելի են ինչպես ֆեյսբուքի ու ինստագրամի նամակագրությունների բաժնում, այնպես էլ story անելիս։

Ցուցադրել ավելի
Back to top button