Ռադիոլաբ

Բջջային հավելվածներ Android-ի համար․ անվճար կրթական ծրագիր պատանիների համար

Տեխնոլոգիական տարին սկսում ենք սեփական ուժերի հանդեպ վստահությամբ ու նոր գաղափարների իրագործման վճռականությամբ։

Ճապոնական Sony կորպորացիան սպառողական Էլեկտրոնիկայի, ռոբոտատեխնիկայի եւ շարժական տեխնոլոգիաների խոշորագույն միջազգային CES-2022 ցուցահանդեսի ընթացքում ազդարարել է Էլեկտրամոբիլների համար տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող նոր ստորաբաժանում ստեղծելու մասին։ Sony Mobility անվանումն ունեցող նոր ստորաբաժանումը աշխատանքները կսկսի 2022 թվականի գարնանը: Բացի այդ, ընկերությունը ներկայացրել Է երկրորդ Էլեկտրամոբիլի նախատիպը. այն դարձել Է յոթտեղանոց VISION-S 02 արտաճանապարհային ավտոմեքենան:

Անցյալ տարի, նույնպես CES ցուցահանդեսում, Sony-ն ցուցադրեց իր առաջին կոնցեպտ-քառ-սեդանը, որն աշխատում Է VISION-S 01 Էլեկտրաշարժաբերով: Արդյոք Sony-ն կսկսի իր ավտոմոբիլների զանգվածային արտադրությունը, դեռ պարզ չէ։ Ընկերության ղեկավար Կենյիտիրո Յոսիդան միայն ասել է, որ էլեկտրոնիկայի ճապոնական արտադրողը «քննարկում Է Sony-ի Էլեկտրամոբիլների առեւտրային գործարկման հնարավորությունը»: Ինտերֆաքսի տվյալներով, Sony-ի բաժնետոմսերի գինը հունվարի 5-ին կտրուկ բարձրացել Է 3,7 տոկոսով։

Ռուսաստանի Պերմի երկրամասի Սկոլկովո ինովացիոն կենտրոնում ստեղծվել է  ռոբոտի նոր, կատարելագործված տարբերակ։ Ավելի շատ հույզեր արտահայտող, բնականին մոտ մաշկ ու աչքեր ունեցող Robo-C-2-ը կարողանում է շփվել ձեռքերի ժեստիկուլյացիայով ու հաղորդակցվել լսարանի հետ։ Այս մոդելի ռոբոտ հնարավոր է ձեռք բերել 2,8 մլն ռուբլով, հայտնում է «Պրոմոբոտի» զարգացման գծով տնօրեն Օլեգ Կիվոկուրցևը։ Առաջիկայում Robo-C-2 մոդելները կուղևորվեն առևտրի կենտրոններ ու թանգարաններ։

Ռոբոտը համալրված է նոր սերվոմոտորներով, միկրոմիմիկաների կառավարման լայն հնարավորությամբ, հիպերռեալիստական սիլիկոնային մաշկով ու աչքերով։ Պրոմոբոտ տեխնոլոգիան թույլ է տալիս վերարտադրել մարդու դիմախաղի ավելի քան 600 տարբերակ, այսպիսով առավելագույնս իրատեսական է պատկերում մարդկային էմոցիաները։ Օլեգ Կիվոկուրցևի խոսքով, ռոբոտը կարող է ձեռքով ինչ-որ բան վերցնել, պահել մինչև 1կգ ծանրություն ու բարևել ։

Ապագայում նախատեսվում է ռոբոտին մի քանի լեզուներով գրել սովորեցնել, նա կսովորի նկարել, կմշակվեն նաև դինամիկ ստաբիլիզացիոն համակարգով ոտքեր։ Նախորդ մոդելի Robo-C ռոբոտներից 19 օրինակ արդեն վաճառվել է Ռուսաստանում։ Դրանք հիմնականում աշխատում են բժշկական համալսարաններում ու թանգարաններում։

Ամերիկյան տեխնոլոգիաների հսկա խնձորը՝ Apple-ը այս գարնանը կթողարկի իր iPhone SE սմարթֆոնները, որոնք նախորդից ավելի մատչելի կլինեն։ Դրանք կներկայացվեն Apple-ի ոչ մեծ միջոցառման ժամանակ, մարտին կամ ապրիլին: Այս շարքի նախորդ մոդելը Կուպերտինոյում առանձին շնորհանդեսի չարժանացավ: Նորույթն ուղղակի ներկայացվեց  ընկերության պաշտոնական կայքում:

iPhone SE 2022 սմարթֆոնի դիզայնը կրկնօրինակելու է նախորդ մոդելին: Ակնկալվում է, որ սմարթֆոնը կունենա 4.7 դյույմ անկյունագծով էկրան ու համալրված կլինի մատնահետքի ցուցիչով:

Ճապոնիայում վերջերս ներկայացվել է աշխարհի առաջին երկռեժիմ տրանսպորտային միջոցը՝ հնարամիտ մի գյուտ, որը թույլ է տալիս ճանապարհներին այն վարել որպես ավտոբուս, իսկ երկաթգծի վրա՝ որպես գնացք։ Ռեժիմների փոփոխությունը տևում է 15 վայրկյան: Ավտոբուս-գնացքն աշխատում է դիզելային վառելիքով և նախատեսված է 21 ուղևորի համար: Գնացքի ռեժիմում արագությունը հասնում է 60 կմ/ժամի, իսկ ավտոբուսի ռեժիմում զարգացնում է մինչև 100 կմ/ժամ արագություն։

Ամերիկյան Our Next Energy ստարտափը Tesla Model S էլեկտրական մեքենաների վրա փորձարկել է իր նոր մարտկոցի նախատիպը։ Ըստ «Ռոյթերս» գործակալության հաղորդագրության, մեկ լիցքավորմամբ մեքենան անցել է ռեկորդային 1210 կիլոմետր տարածություն։

Ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Մուջեբ Իջազը նշել է, որ ընկերությունը մտադիր է հիմնել այնպիսի մարտկոցների արտադրություն, որոնցով հնարավոր կլինի մոտ երկու անգամ ավելի մեծ տարածություն հաղթահարել, քան հնարավոր է ներկայումս՝ էլեկտրական մեքենաների մեծ մասի մեջ օգտագործվող մարտկոցներով։

Gemini անվանումով մարտկոցի նախատիպն ունի ավելի կոմպակտ ու ավելի մատչելի կաղապար, պատրաստված է անվտանգ և էկոլոգիապես մաքուր նյութերից։  Մարտկոցն իր հնարավորությամբ գերազանցում է նույնիսկ ներկայումս լավագույններից համարվող Lucid Air էլեկտրական մեքենայի մարտկոցին, որը մեկ լիցքավորմամբ հաղթահարում է մոտ 840 կմ ճանապարհ։ Իջազը նշել է, որ Gemini մարտկոցների զանգվածային արտադրությունը նախատեսվում է սկսել 2023 թվականին։

Արմաթ ինժեներական լաբորատորիաներն ամփոփել են 2021 թվականի արդյունքները։ Ըստ այդմ, տարվա ընթացքում բացվել է  56 նոր լաբորատորիա՝  52-ը Հայաստանում և Արցախում, իսկ 4-ը՝ Ջավախքում։ Մեկ Արմաթ լաբորատորիա էլ բացվել է Բանգլադեշի Դաքքա քաղաքում։ Ունեցել են 16․000 աշակերտ։

Բացվել է նաև առաջին «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը։ Արմաթցիները հիմնել են 4 նոր ստարտափ՝ Technology Learning Planet ծրագրավորման դպրոցը Վարդենիսում, IT’s a village օնլայն խանութը Ճամբարակից, Դրախտիկից և Ջավախքից,  ProtoLab տեխնոինժեներական լաբորատորիան Նոյեմբերյանում և Թեյքառ AR բջջային հավելվածները Թալինից։ Ի դեպ, վերջին երկուսին Ռադիոլաբն անդրադարձել է առանձին հաղորդումներում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից խոստանում են, որ 2022-ն էլ ավելի թեժ է լինելու։

Երևանում կստեղծվի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն։ Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով հանձնել «Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին: Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների և երիտասարդների համար:

Անվճար ուսումնական ծրագիր՝ ՏՏ-ով հետաքրքրված հայ պատանիների համար։

«Սամսունգի ինովացիոն կամպուս» ծրագրի ղեկավար Վարդան Ավագյան — «2021 թվականի հոկտեմբերին Սամսունգ էլեկտրոնիքսը և Դիլիջանի միջազգային դպրոցը ստորագրեցին փոխըմբռման հուշագիր UWC Դիլիջանի դպրոցում Սամսունգի ինովացիոն կամպուս հիմնելու վերաբերյալ։ Սամսունգ ինովացիոն կամպուսը գործում է աշխարհի շուրջ 23 երկրում և օրինակ 2020 թվականի դրությամբ ծրագիրն արդեն ունեցել է շուրջ 160․000 սան»։

Նախաձեռնության շրջանակում UWC Դիլիջանի դպրոցում այս տարի կմեկնարկի «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» մեկամյա ծրագիրը։ Այն բաղկացած կլինի 5 մասից ու սովորողները կուսումնասիրեն «Ջավա ծրագրավորման հիմունքներ», «Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն», «Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ», «Ալգորիթմները և տվյալների կառուցվածքները Ջավա լեզվում» և «Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ»։

Ծրագրի ղեկավար Վարդան Ավագյան — «Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան մեր այն պատանիները, ովքեր իրենց տեսնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և ունեն տրամաբանական մտածողություն, ունեն մաթեմատիկայի և ռուսերենի լավ իմացություն։ Եվ անհրաժեշտ է իմանալ ծրագրավորման առնվազն մեկ լեզու՝ պայմանական և ցիկլային կառուցվածքների մակարդակով»։

Ռուսաց լեզվի իմացությունը կարևոր է, քանի որ ծրագիրը դասավանդվելու է ռուսերենով: Վարդան Ավագյանը ուրախությամբ նշում է, որ մեծ թվով դիմորդներ ունեն Հայաստանի տարբեր մարզերից ու որ նրանց զգալի մասը հաղթահարել է նախնական թեստի փուլը։

«Նրանց շատ շուտով կհրավիրենք բանավոր հարցազրույցների։ Առաջին փուլի դասընթացները սկսվելու են փետրվարին։ Նախատեսում ենք ունենալ 40-ից 60 մասնակիցներ։ Եվս այդքան մասնակից դասերը կսկսեն սեպտեմբերից, որի համար կլինի առանձին ընդունելություն։ Դասերն անցկացվելու են UWC Դիլիջան դպրոցի Սամսունգի ժամանակակից տեխնոլոգիայով համալրված համակարգչային լաբորատորիայում»։

Ծրագրի տևողությունը 1 ակադեմիական տարի է, իսկ դասերն անցկացվելու են շաբաթական 1 անգամ՝ շաբաթ կամ կիրակի օրերին, օրական 4 դասաժամ տևողությամբ։ Այն որպես սոցիալական ծրագիր լիովին անվճար է, ապահովվելու են նաև սովորողների տրանսպորտային տեղափոխումը Երևանից, Գյումրիից, Վանաձորից ու Տավուշի մարզից։

«Ինչպես գիտենք, տեղեկատվական տեխնոլոգիաները սրընթաց վերելք են ապրում, փոխում են աշխարհը, հեշտացնելով մարդկանց առօրյան և կյանքը։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում ծրագրավորողների ահռելի պահանջարկ կա։ Դե իսկ մեր նպատակն է դեռահասներին տալ հնարավորություն ստանալ որակյալ և ժամանակին համահունչ կրթություն։ Հաջողությամբ ավարտելով այս դասընթացները, մեր ուսանողները կսերտեն ծրագրավորման հիմունքներ և կկարողանան ստեղծել իրենց հավելվածները անդրոիդ օպերացիոն համակարգի համար։ Արդեն վաղ տարիքից պահանջված կլինեն աշխատաշուկայում։ Կոչ եմ անում մեր բոլոր երիտասարդներին բաց չթողնել այս հրաշալի հնարավորությունը, անպայման դիմել և մասնակցել դասընթացներին»։

Ցուցադրել ավելի
Back to top button