Մեկնարկ

Մեկ օր կինոյում. Մեկնարկ

 «Ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին դպրոցահասակ աղջիկներից շատերը միանգամից պատասխանում են՝ դիմահարդար։ Այսօրվա մեր հյուրը դիմահարդար դառնալու երազանքը, սակայն, իր հետ մանկությունից չի բերել։ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինն ավարտելուց հետո նոր միայն սկսել է սովորել դիմահարդարի մասնագիտությունը՝ դրա տակ ենթադրելով պարզապես դեմքի խնամք, հարդարում և գեղեցկացում։ Եվ միայն դասընթացն ավարտելու եզրափակիչ փուլում, մեկօրյա պրակտիկա անցնելով սերիալներից մեկում, հասկացել է, որ իր երազանքը հենց կինոյի աշխարհն է՝ կինոգրիմի մասնագետի գործը։

«Մեկնարկ» ծրագրի հյուրը դիմահարդար, կինոգրիմի մասնագետ Անի Աղաբաբյանն է։

Անի Աղաբաբյան — «Այդ մեկ օրից սկսվեց իմ պատմությունը։ Շատ ոգևորված էի․ օպերատորի, ռեժիսորի աշխատանքը, նկարահանման գործընթացը, էն ամբողջը, ինչը տեսա, հասկացա, որ շատ ուզում եմ խորանալ կինոգրիմի մասնագետի գործում։

Այդ մասնագիտությունը Հայաստանում կարելի է սովորել, վաղուց ունենք այն դպրոցը, որտեղ ես սովորել եմ։ Որքան վաղուց՝ չեմ կարող ասել․ համենայնդեպս ես 2012 թվականին այդ դպրոց եմ ընդունվել։ Ընթացքում վերապատրաստվել եմ, տարբեր դասընթացներ եմ անցել։ Վերջին դասընթացը 2016 թվականին եմ ավարտել։ Այն հայտնի է «հոլիվուդյան գրիմ» անունով։ Այդ մեկը Հայաստանում չեն սովորեցնում։

Երբ առաջին անգամ մտա սերիալում աշխատելու, դա իմ մեծ փորձն էր թե՛ երկարաժամկետ աշխատանքի, թե՛ ժամկետների մեջ տեղավորվելու փորձ ձեռք բերելու առումով։ Բայց այն, ինչով ես ուզում էի զբաղվել, ինչը, գիտեի, որ կարող եմ անել և ուզում էի այդ փորձառությունն էլ ունենալ, դրա հնարավորությունն ունեցա 2018 թվականին։ Դա աշխատանք էր մի սերիալում, որտեղ տարբեր տեսակի զոմբիների, հրեշների կերպարներ ստեղծեցի։ Եվ դա շատ մեծ ու կարևոր փորձ էր, շատ տարբեր նյուանսներ հասկացա։

Գրիմյորի աշխատանքը կապված է թե՛ ռեժիսորի, թե՛ օպերատորի, թե՛ նկարչի, թե՛ դերասանի աշխատանքի հետ։ Գրիմը օգնում է դերասանին մտնելու կերպարի մեջ։ Մի թեթև շտրիխ, և զգում ես, որ կերպարն ամբողջանում է, ու դերասանն արդեն պատրաստ է կամերայի առջև աշխատելու․․․»։

Ցուցադրել ավելի
Back to top button