Զարթուցիչ

Մայրության և գեղեցկության տոնին՝ գեղեցկության պատկերացումների մասին․ Զարթուցիչ

Այն, ինչ այսօր նորաձև է ու գեղեցիկ է համարվում, երեկ, սարսափելի ու տգեղ էր համարվում և հակառակը․․․ Իսկ դա նշանակում է, որ, որպես կանոն, մարդիկ են  սահմանում և իրենք էլ խմբագրում գեղեցկության մասին պատկերացումները․․․իսկ դրանց համապատասխանելու համար շատ հաճախ մեծ ջանք ու երբեմն էլ զոհողություններ են պահանջվել․․․Դե, այո, հայտնի խոսք է՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում․․․

Փոքրիկ մի ցանկ–տեղեկատու ենք կազմել այն անհեթեթ զոհողությունների, որոնց դիմել են աղջիկները աշխարհի տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում։ Այս ցանկը շատ մեծ կարող էր լինել, բայց բավարարվել ենք այսքանով։

Մի դիտարկում․ երբ ասում ես անհեթեթ զոհողություններ, պետք է ասել՝ մե՛ր կարծիքով անհեթեթ, որովհետև բոլոր նրանք, ովքեր գնացել են այդ զոհողություններին, իրենց արարքն անհեթեթ, հաստատ, չեն համարել։

Թաիլանդի հյուսիսում մի ցեղ կար, որը գեղեցիկ էր համարում երկարավիզ կանանց ու աղջիկներին։ Այսպիսի գեղեցկություն ձեռք բերելու համար աղջիկը պետք է շատ փոքր տարիքից սկսեր վզին մետաղական օղակ կրել։ Օղակը ձգում էր վզի ողերը, վիզը մի քիչ երկարում էր և․․․վզին երկրորդ օղակն էր անցկացվում։ Եվ այդպես մինչև 16 տարեկան, երբ վզի երկարությունը հասնում էր 30 սմ–ի։ Գեղեցկուհու համար արդեն կարելի էր փեսացու ընտրել։ Օղակները հանում էին և․․․որպեսզի վիզը չկոտրվեր, մայրը կամ դայակը պահում էին աղջկա գլուխը, փեսացուն տեսնում էր երկարավիզ գեղեցկուհուն և․․․ օղակները կրկին հագցնում էին վզին։ Դե, հո չէ՞ր կարող մեկնումեկը միշտ աղջկա գլուխը պահել։ Այս չափանիշը՝ երկար վիզ, կա նաև աֆրիկյան շատ ցեղերի մոտ մինչև այսօր։

Ինչ ասես չեն անում մի քիչ գեր աղջիկները նիհարելու համար մեր օրերում․ հատուկ սննդակարգ, մարզումներ, երբեմն՝ քաղցրից լիրվ հրաժարում։ Դե, դա էլ իրենց զոհողությունն է, բայց, օրինակ, թունիսյան ավանդույթների համաձայն գեղեցիկ էին ոչ թե պարզապես գեր, այլ՝ շատ գեր աղջիկները՝ 130 կգ–ը երազանքի քաշ էր։ Ոչինչ, որ ավելորդ քաշի պատճառով քայլելը ծանր աշխատանքի էր վերածվում․ կարևորը գեղեցիկ ես և վերջ։

Ճապոնուհիները գեղեցիկ համարվելու համար ճերմակեցնում էին դեմքը, ծեփում էին այնպես, որ դեմքի վրայի ոչ մի թերություն չերևար, ճակատը՝ մազերի հիմքից սկսած, գծում էին սևաներկով, հեռացնում էին հոնքերը և փոխարենը կարճ, հաստ գծիկներ գծում։

Իսկ, օրինակ, Չինաստանում, կարմիր գույնն էր գեղեցկության չափանիշը։ Կարմիրով ներկում էին ոչ միայն այտերն ու շուրթերը, այլև՝ անգամ լեզուն։ Չինական գեղեցկության հին պատկերացումների մեջ կար մեկը, որը բառացիորեն տանջանք էր աղջիկների համար։ Չինացիների համար կանացի գեղեցկության կարևոր չափանիշ էր փոքրիկ ոտնաթաթը։ Հինգ տարեկանից սկսած աղջիկների ոտնաթաթերը կապկպում էին այնպես, որ այն չերկարեր։ Ոսկորների ու հոդերի ձևափոխման արդյունքում ինչ սարսափելի ցավերի էին դիմանում խեղճ աղջիկները, դժվար է պատկերացնել, բայց, դե, այդ ձևափոխված ոտնաթաթը գեղեցիկ էր համարվում, ի՞նչ կարող ես անել։

Գեղեցկության մասին պատկերացումները, իսկապես, երկրից երկիր և դարից դար տարբեր են։ Այսօր էլ կան չափանիշներ, որոնց մասին տարիներ հետո ուրիշները կասեն՝ անհեթեթ էր դրանց հետևելը։ Բայց շատերի համար դրանք այնքան կարևոր են, որ երբեմն կուրորեն հետևում են դրանց՝ ոչ միայն չգեղեցկանալով, այլ անգամ՝ վնասելով սեփական առողջությունը։ Այդպես անել, հաստատ, չարժե։

Առողությունը անգին գանձ է։

Ցուցադրել ավելի
Back to top button