Ռադիոլաբ

Ու էլի հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքների մասին. Ռադիոլաբ

Նախորդ հաղորդմանն անդրադարձա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի տարբեր տաղավարներում մի քանի հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքին։ Խոստացա նաև, որ ևս մի քանիսը  կներկայացնեմ հաջորդ հանդիպմանը։

Զենքերի հնարավորություններն ինչքան էլ որ լավը լինեն, միևնույն է նրանք գիշերային ու վատ տեսանելիության պայմաններում, ինչպես նաև քողարկված թշնամական օբյեկտի դեպքում կդժվարանան խոցել։ Եվ այստեղ օգնության են հասնում ջերմատեսիլ սարքերն ու գիշերադիտակները։ 20 տարուց ավելի է Հայաստանում «Արագած» ընկերությունը զբաղվում է ռազմական նպատակներով օպտիկայի մշակմամբ։ Դրանք նախատեսված են թե՛ հակատանկային, թե՛ հակաօդային ու հրետանային զինատեսակների համար։ Պատմում է ընկերության ինժեներ Պետրոս Պետրոսյանը, մանրամասնելով, որ սարքերի արտադրման համար անհրաժեշտ դետալներից ներկվողների բաժինը չնչին տոկոս է կազմում։

Այս սարքավորումները լայնորեն կիրառվում են մեր զինված ուժերում։ Պաշտպանության նախարարությունը տարիներ շարունակ իրականացնում է գնումներ Արագած ընկերությունից։

Դեռևս 1 տարեկան «Apricot» ընկերությունն էլ զբաղվում է տարբեր բարդ և վտանգավոր տեխնոլոգիաների ադապտացմամբ ու սիմուլյացիոն ուսուցումով։ Ներկայացնում է ընկերության հիմնադիր տնօրեն Վազգեն Ղազարյանը։

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հիմնադրված «Քայլտեք» ընկերությունը ցուցահանդեսին ներկայացել էր «Մետագեյթ» սարքավորմամբ, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց ու մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար։ Պատմում է «Քայլտեք» ընկերության մարքեթինգի գծով պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը։

«Վիրավորում ստացած տղաների հետ աշխատանքի ընթացքում՝  ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը հանկարծ հասկանում է, որ ուղեղին գնացող ազդակները խթան են հանդիսանում նեյրոնային կապերի վերականգնման համար»։

Լիլիթ Սարգիսյանի հավաստմամբ, «Մետագեյթ» սարքավորումն արդեն իսկ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Սակայն մեզ մոտ հիմնականում իրենք են միջոցներ գտնում՝ դրանք արտադրելու ու տարբեր կենտրոնների տրամադրելու համար։ Կան նաև դեպքեր, երբ սարքավորումը տրամադրվում է կոնկրետ անհատների, մեծամասամբ վիրավորում ստացած տղաներին։

Ցուցադրել ավելի
Back to top button