Ռադիոլաբ

Աուդիոէքսկուրս Գիտության և տեխնիկայի թանգարանում․ Ռադիոլաբ

Ոչ բոլորն են տեղյակ, բայց Երևանում 2008 թվականից հիմնադրվել ու գործում է Գիտության և տեխնիկայի թանգարանը։ Ցուցանմուշները հատ առ հատ հավաքվել են Ինժեներական քաղաքի աշխատակիցների կողմից, որի տարածքում էլ վերջին տարիներին իր գործունեությունն է ծավալում թանգարանը։

«Ինչպես ենթադրում է թանգարանի անվանումը՝ Գիտություն և տեխնիկա, պայմանականորեն թանգարանն էլ է բաժանվում 2 մասի, սկսում ենք տեխնիկայից» — նշում է թանգարանի էքսկուրսավար Քրիստինա Թաբիրյանն ու սիրով համաձայնում՝ շրջայց կատարել ցուցասրահով մեկ։

Ցուցանմուշներում կտեսնեք հին՝ խորհրդային տարիների զարթուցիչներ։ Դրանցից հաստատ տեսել եք հին սովետական ֆիլմերում։ Ի դեպ, և՛ զարթուցիչները, և՛ հուշանվերի տեսքով ժամացույցները հայկական արտադրության են։ Երևանի Ժամացույցի գործարանը Խորհրդային միության փլուզումից հետո այդպես էլ չաշխատեց։

Թանգարանի հաջորդ անկյունում ներկայացված են ստուգող-չափիչ գործիքներ։

Նայելով այս բոլոր սարքերին ու առարկաներին, զարմանում ես, թե Հայաստանն ինչ բարձր մակարդակ է ունեցել տեխնիկայի արտադրության ոլորտում։

Ստենդում ցուցադրվող բոլոր սարքերը, որոնք նախատեսված են ջերմաստիճան, խոնավություն կամ թթվայնություն չափելու համար նույնպես տեղական արտադրանք են։ Թթվայնությունը չափող սարքի անունը «Տիգրան Ա» է ․․․ հայկական յուրօրինակ անուններով սարքավորումների այսօր դեռ շատ կհանդիպենք։

Ի դեպ, ցուցանմուշների որոշ մասը նվիրաբերել են տարբեր մարդիկ․ դրանց համալրումը շարունակվում է։

Անցնում ենք էլեկտրական շարժիչների գործարանների բաժին ու տեսնում տարբեր հզորության էլեկտրաշարժիչներ, պոմպեր ․․․

Պատահում է նաև այնպես, երբ ավելի քան 30 տարեկան հաստոցն այնքան որակով է, որ շինարարներն այն վերցնում են թանգարանային ստենդից ու կիրառում Ինժեներական քաղաքի նոր հատվածի կառուցման աշխատանքներում։

Դաշնամուրների մասին գիտեի, բայց որ կիթառնե՞ր ու իոնիկաներ ․․․ Թանգարանի այս հատվածում փակցված լուսանկարներին նայելով պատկերացնում ես, թե այն տարիներին Հայաստանում ստեղծագործող երաժիշներն ինչ հարուստ ընտրության հնարավորություն ունեին, մեկը մյուսից ավելի գեղեցիկ ու բեմական գործիքներ ․․․

Դեռ էլի որքան պատմելու բաներ կան Գիտության և տեխնիկայի թանարանում ցուցադրված անկյուններից։ Ռադիոլաբի աուդիոէքսկուրսիան կշարունակեմ մեր հաջորդ հանդիպման ժամանակ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են գնալ ու անձամբ տեսնել ցուցանմուշները, ասեմ, որ թանգարանը գտնում է Երևանի Բագրևանդ թաղամասում ՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում։ Վստահ եմ այցելությունը հետաքրքիր կլինի։

Ցուցադրել ավելի
Back to top button