Զարթուցիչ

Ի՞նչ անել Ստի թանգարանում․ Զարթուցիչ

Ի՞նչ եք կարծում, օրինակ, ի՞նչ կրթական ծրագիր կարելի է նախատեսել Ստի թանգարանում։ Նախ իմանանք՝ ինչ թանգարան է դա, հետո նոր՝ մտածենք պատասխանի մասին։

Յուրաքանչյուր թանգարանի հիմնական խնդիրներից մեկը արվեստի, կենցաղի կամ պատմության այնպիսի նմուշներ ցուցադրելն է, որոնց հիմնական արժանիքներից ամենակարևորը դրանց իրական լինելն է։ Եվ ցանկացած թանգարանի տնօրեն, իհարկե, երազում է հենց այդպիսի՝ իրական արժեքներ ձեռք բերելու մասին։

Բայց Գերմանիայի Կյուրիտց քաղաքում գտնվող Ստի թանգարանի խնդիրն այլ է։

Թանգարանի հիմնադիրը գերմանացի նկարիչ Ռայնհարդ Ցաբկան է, որը համոզված է, որ ճշմարտության և կեղծիքի սահմանը շատ նուրբ է՝ հատկապես արվեստում։ Այդ համոզմունքից ելնելով էլ նա հիմնել է Ստի թանգարանը՝ ամենևին չթաքցնելով, որ իր նպատակը հենց սուտ ու կեղծ ցուցանմուշներ ներկայացնելն է։

Կեղծիքն սկսվում է հենց թանգարանի շենքից։ Մոտենում ես, թվում է, թե առնվազն 200–ամյա կառույց է։ Բայց․․․ինչպես երևի գլխի ընկաք արդեն, նորակառույց է, որի հենց մուտքից թանգարանի նշանաբանին ես ծանոթանում, որն ասում է․ «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»։ Եվ, թանգարանով շրջայցի ողջ ընթացքում այցելուն ավելի ու ավելի հաճախ է դա հիշում։ Դե, ոնց հավատաս աչքերիդ, եթե ցուցանմուշը՝ հին ռադիոընդունիչը, կրում է հետևյալ ցուցանակը․ Ռադիո՝ Տիտանիկ նավի վրայից, գորգը՝ Թռչող գորգ ցուցանակի ներքո է, էլ չասեմ Վան Գոգի ականջի մասին։

Թանգարանը բաղկացած է 10 սենյակից։ 10 սենյակ՝ լցված ստով․ պատկերացրի՞ք։

Ասել, որ այս թանգարանը միանշանակ է ընդունվում այցելուների կողմից, այնքան էլ ճիշտ չի լինի։ Ոմանք Ցաբկային հանճարեղ և ուրախ մարդ են համարում, ոմանց կարծիքով նա խենթ է, իսկ նրա ողջ թանգարանը՝ անպետք իրերի հավաքածու։ Ինքը՝ Ցաբկան, պնդում է, որ բոլոր ցուցանմուշներն իրեն փոխանցել է բարոն Մյունհաուզենի ծոռնուհին։

Ցուցադրել ավելի
Back to top button