Ռադիոլաբ

Ի՞նչ յուրօրինակ կրթական ծրագիր է առաջարկում «BuildUP»-ը

Այս տարվա ապրիլից մեկնարկել է «BuildUP» bootcamp-ը։ Այն նախատեսված է թեք ոլորտի միջին մակարդակ ունեցող մասնագետների համար, ովքեր մասնակցելով 4 ամսյա դասընթացին զուգահեռ զրոյից ստեղծում են իրենց նախագիծն ու շփվում իրենց համայնքի հաջողակ ներկայացուցիչների հետ։

Այստեղ դասավանդում են միայն արտասահմանից մասնագետներ։ Նրանցից 2-ը ԱՄՆ-ից են, մյուսները Եվրոպական երկրներից ու դասավանդում են հեղինակավոր կրթական հաստատություններում։ Դասավանդման լեզուն անգլերենն է։

Ի դեպ կրթությունն այստեղ անվճար է։ Դեե գրեթե ․․․ այսինքն մի շատ հետաքրքիր մոդելով։ «BuildUP»-ի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը հաղորդման ընթացքում կբացատրի տրամաբանությունն ու նաև կներկայացնի գաղափարի առաջացման նախապատմությունը։

Հայկական ՏՏ ոլորտի անվանի ընկերությունների գործադիր տնօրեններն ու կառավարիչները աշխարհի տարբեր մասերից միացել և կազմել են BuildUp-ի հզոր համայնքը։ Հենց հոգաբարձուներն են, որ իրենց նվիրատվությունների միջոցով ապահովում են ուսանողների անվճար կրթությունն ու նաև ձևավորում խնդիրներ, որոնց լուծումներն էլ արդեն պիտի սովորողներն առաջարկեն։ Այսպիսով, եթե ձևավորված թիմի կողմից ընտրվում է տվյալ մասնագետի խնդիրը, ապա վերջինս դառնում է մենթոր, վերահսկում նախագծի ընթացքն ու աջակցում մասնագիտական խորհուրդներով։ Հոգաբարձուները նաև հնարավորություն ունեն ծանոթանալու յուրաքանչյուր սովորողի գրանցած հաջողությունների ու աշխատանքային կարողությունների մասին ինֆորմացիային և հետագայում կարող են աշխատանք առաջարկել իրենց ընկերություններում։

Խոսել ենք նաև ուսանողների հետ։ Լսե՛ք մեր զրույցն ու կիմանաք թե ի՞նչ խնդիրների, նախագծերի վրա են աշխատում նրանք այժմ ու ի՞նչ առավելություններ ունի այս կրթական ծրագիրը։

Եթե հետաքրքեց, նշեմ, որ հուլիսից արդեն «BuildUP»-ում սպասելու են նոր հայտերի, իսկ սեպտեմբերից կմեկնարկի նոր փուլը։ Ավելանալու են նաև նոր մասնագիտություններ։ Սպասենք նաև հետաքրքիր ստարտափների գործարկմանը, «Ռադիոլաբ»-ը ինչպես միշտ հետևում ու ձեզ է ներկայացնում տեխնոաշխարհի բոլոր նորույթները։

Ցուցադրել ավելի
Back to top button