Զարթուցիչ

Աշխարհի մանկական թանգարանները. Զարթուցիչ

Մեր ծրագրում ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք աշխարհի մանկական տարբեր թանգարաններ։ Միշտ էլ հետաքրքիր է իմանալ՝ ինչ են ցուցադրում դրանցում ու ինչ հնարավորություններ են առաջարկում իրենց այցելուներին այդ թանգարանները։

Ի դեպ, գիտեի՞ք, որ աշխարհի առաջին մակական թանգարանը կառուցվել է 1899 թվականին Բրուքլինում, և դրանից հետո են հատկապես երեխաների համար սկսել թանգարաններ ստեղծել աշխարհի ուրիշ երկրներում։ Դրանք, իհարկե, տարբեր խնդիրներ են դնում իրենց առջև, բայց աշխատում են նույն սկզբունքով՝ թանգարանում ներկայացվածը պետք է երեխայի համար հետաքրքիր լինի և մատչելի։

Աշխարհի մանկական թանգարանների շարքում շատ են այնպիսիները, որոնց նպատակը գիտության և բնության գաղտնիքները երեխաների համար բացահայտելն է։ Այսօր կներկայացնենք այդպիսի թանգարաններից երեքը։

Փարիզի գիտության և արդյունաբերության թանգարան․․․

Այս թանգարանում, որը նախատեսված է 2–ից 18 տարեկանների համար, բոլոր ցուցադրությունները պատմում են տիեզերքի, էներգիայի, մաթեմատիկայի, տրանսպորտի և գիտության տարբեր ոլորտների մասին։ Այստեղ երեխան կամ պատանին ներկայացվող նյութին ծանոթանում է խաղի միջոցով։ Հատուկ հրապարակ է հատկացված կառուցելու և սեփական փորձարկումներն անցկացնելու համար։ Դե, պարզ ու հայտնի ճշմարտություն է․ սեփական փորձով ձեռք բերված գիտելիքը միշտ էլ առավել մնայուն է։

Լոնդոնի գիտության թանգարանի նպատակը երեխաներին գիտության նվաճումներին հաղորդակից դարձնելն է։ Այստեղ կան ցուցանմուշներ, որոնք ներկայացվել են դեռևս 1851 թվականին՝ Լոնդոնի Մեծ տեխնիկական ցուցահանդեսի ժամանակ։ Թանգարանում կան աստղագնացությանը, բժշկությանը, տիեզերքին նվիրված հատուկ դահլիճներ կան, իսկ 2007 թվականին այստեղ ստեղծվեց ֆիզիկայի  ինտերակտիվ դահլիճը, որտեղ, ի դեպ, կարելի է նույնիսկ հրթիռով թռչել։ Ինչպե՞ս։ Դե, գիտությունն ամեն ինչի ելքը գտնում է։

Վիեննայի Zoom մանկական թանգարանը համարվում է ժամանակակից աշխարհի ամենազարմանալի  մանկական թանգարաններից մեկը։ Այստեղ տարբեր ստուդիաներ են գործում, որտեղ երեխաները նաև իրենց մուլտֆիլմերն են նկարում, երգեր ձայնագրում, իրենց տիեզերագնացի կամ ճարտարապետի դերում փորձում։

Ցուցադրել ավելի
Back to top button