Լուրեր

Վա՜յ, աստղ է ընկնում, տե՛ս

Լսած կլինեք «աստղ է ընկնում» արտահայտությունը․ հնարավոր է՝ նաև տեսել եք գիշերային երկնքում հանկարծ, անսպասելի ինչ–որ տեղից հայտնված փոքրիկ սուրացող լույս, որի մասին կողքից ասել են՝ «վա՜յ, աստղ է ընկնում, տե՛ս»։ Իհարկե, աստղ չի ընկնում․ մութ, անամպ գիշերներին երկինքը հանկարծ հատող այս վառ լուսաշերտերը ասուպներն են՝ տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցած քարե մարմիններ և փոշու մասնիկներ, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են։ Եթե քարաբեկորները բավականաչափ խոշոր են և հասնում են Երկրի մակերևույթին, կոչվում են երկնաքարեր։

Երկիր մոլորակի վրա երկնաքարեր ընկնում են, և դրանցից ամենասարսափելիներից մեկն էլ Տունգուսական երկնաքարն է եղել, որը 1908 թվականի հունիսի 30–ին առավոտյան ժամը 7–ին պայթել է երկրին մոտ և մեծ ավերածությունների պատճառ դարձել։

Այսօր աշխարհում նշվում է միջազգային տոնացույցի նոր տոներից մեկը՝ Աստերոիդների միջազգային օրը, և օրն ընտրվել է Տունգուսական երկնաքարի՝ երկրի հետ բախման օրը նկատի ունենալով։

Սա՝ պարզապես, ի գիտություն։ Դե, իսկ եթե սիրում եք իրական, անսովոր պատմություններ, ապա գտեք ու կարդացեք Տունգուսական երկնաքարի մասին։ Դա մի թեմա է, որն առայսօր էլ լիովին պարզաբանված չէ և բազմաթիվ հարցականներ է պարունակում։

Ցուցադրել ավելի
Back to top button