Մեկնարկ

STARMUS–ն սկսվում է ֆանտաստիկայից. Մեկնարկ

Սեպտեմբերի 5-10–ը Հայաստանում կանցկացվի Գիտության և արվեստի միջազգային STARMUS VI փառատոնը, որի խորագիրն է «50 տարի Մարսի վրա»։ Գոյության ընթացքում  STARMUS–ն իր հարկի տակ միավորել է աշխարհահռչակ գիտնականների, երաժիշտների, արվեստագետների, և աշխարհի շատ երկրներ երջանիկ կլինեին 6–րդ STARMUS–ը հյուրընկալելու, բայց  աստղերի և երաժշտության փառատոնը գալիս է Հայաստան։ Եվ դա, իհարկե, մեր ծրագրի այսօրվա հյուրի՝ STARMUS -ի հիմնադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի շնորհիվ։

Հարց – Կխնդրեի, որ ժամանակի մեջ հետ գնաք և հասնեք այն օրերը, երբ Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցի Իսրայելյան Գարիկն ավարտեց դպրոցն ու պետք է մասնագիտություն ընտրեր։ Ի՞նչ ներքին ապրումներ ունեիք, ի՞նչ հարցեր կային Ձեր մեջ, ինչպե՞ս ընտրեցիք մասնագիտություն։

Գ․ Իսրայելյան – Ներքին ապրումների մասին հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև այն ժամանակ, երբ դպրոցն ավարտում էին, ողջ բարեկամությունն սկսում էր հետաքրքրվել․ ու՞ր ես ընդունվելու։ Երևի հիմա էլ է այդպես։ Դա Հայաստանում չի փոխվել, և դա շատ լավ բան է։ Այդ ձգտումը, որ երեխաները  պետք է շարունակեն կրթությունը, ես մեր ժողովրդի դրական կողմերից մեկն եմ համարում։

Նույն հարցն էլ ինձ մեր բարեկամներն էին տալիս։ Մեծ քույրս բժիշկ էր, փոքր քույրս մաթեմատիկոս էր, իսկ ես ոչ մի բան էի․ ես չգիտեի՝ ու՛ր եմ գնում, ոչ էլ դպրոցում լավ սովորել էի։ Ու ես ասացի, որ ոչ մի տեղ էլ չեմ ընդունվում։ Իհարկե, մի քիչ չէր նայվում․ ո՞նց կարող էր մեր ընտանիքում այդպես լինել։

Գեղարվեստաթատերական ինստիտուտում աշխատանքի ընդունվեցի որպես բեմի բանվոր։ Բայց միաժամանակ այնպես ստացվեց, որ իմ հետաքրքրությունների շրջանակը միանգամից փոխվեց․ սկսեցի հետաքրքրվել գիտական ֆանտաստիկայով։ Մի երկու–երեք ֆանտաստիկ ֆիլմ նայեցի։ «Ստալկերն» էր, որ նայեցի, և շատ ինձ դուր եկավ, շատ տպավորիչ էր։ Եվ «Սոլյարիսը» նույնպես շատ տպավորիչ էր։ Եվ սա ինձ դեպի գիտական ֆանտաստիկա տարավ, ու ես սկսեցի շատ կարդալ ֆանտաստիկ գրականություն, հետաքրքրություններիս շրջանակը դարձավ դեպի ֆիզիկա, աստղաֆիզիկա, և արդեն նաև հետաքրքրություն առաջացավ սովորելու և կրթությունը շարունակելու՝ գոնե այդ բնագավառներում։ Ես, էլի, ինձ չէի տեսնում որպես մի մարդ, որը պետք է գնա, համալսարանում դասախոսություն տա․ միշտ չեմ սիրել կրկնվող աշխատանք, սիրել եմ, որ ինչ–որ բան պետք է փոխվի կյանքում։ Այսինքն՝ էդ դասական ճանապարհը կլասիկ գիտություն գնալու, հայտնի գիտնական դառնալու, ինձ չէր հետաքրքրում։ Ես ճիշտն ասած չեմ հասկանում, երբ երեխային հարցնում են՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում է՝ ուզում եմ հայտնի գիտնական դառնալ։ Իսկապես չեմ հասկանում։ Դու պետք է քո հետաքրքրությունները բավարարես․ հայտնի կդառնաս, թե չէ, դա երկրորդական հարց է։ Էդ հայտնիության ձգտումը ինձ մի տեսակ դուր չի գալիս։

Ամեն դեպքում, ես որոշեցի ընդունվել համալսարան, խորացնել իմ գիտելիքները աստղաֆիզիկայի բնագավառում։ Ֆիզիկայի և մաթեմատիկայի դպրոցական ողջ ծրագիրը շատ դժվարությամբ, բայց ինքնուրույն հաղթահարեցի մեկ տարվա ընթացքում, ընդունվեցի համալսարան, բայց համալսարանում արդեն շատ լավ էի սովորում։

Հարց – Ծնողի դերը երեխայի՝ մասնագիտության ընտրության հարցում ո՞րը պետք է լինի։

Գ․ Իսրայելյան – Ծնողը երկու բան պետք է անի․ մեկը՝ բոլոր հնարավորությունները տա, որ երեխան կարողանա ընտրել, բայց ինքը՝ երեխան ընտրի, և երկրորդը՝ չստիպես երեխային, ինչ–որ ժամանակ տաս, որ ինքն իրեն գտնի, հասկանա։ Ես գիտեմ, այդպիսի փորձ կա, երբ դու ես քո ուղղությամբ ուղղորդում երեխային, մեկ տարի հետո նա դրանից հոգնում է, չի շարունակում։ Եվ դու, երբ տեսնում ես դա, որպես ծնող հիասթափվում ես, տխրում ես, որ սխալ ես արել։ Ավելի լավ է միայն հնարավորություններ տաս ընտրելու։

Այնքան գիտության ճյուղեր կան, չափազանց շատ ու շատ հետաքրքիր, պարզապես դպրոցում երեխաները դրանց մասին բացարձակապես ոչ մի գաղափար չունեն։ Թե 21–րդ դարում գիտության ինչ հետաքրքիր ճյուղեր են բացված, դրա մասին դպրոցում չկա ոչ մի ինֆորմացիա։

Եթե ես կրթության նախարար լինեի, անպայման դպրոցի վերջին մեկ կամ երկու տարում դպրոցներում պարտադիր, թեկուզ մյուս առարկաների ժամերից կրճատելով, կներմուծեի այնպիսի դասընթացներ, որոնք կլինեին գիտության ճյուղերի ներածություն։ Ես կուզենայի, որ երեխաները այդ մեկ տարվա ընթացքում հասկանային, թե, օրինակ, գենետիկ ինժեներիան ի՞նչ է, ու ամենակարևորը՝ ի՞նչ կարող է այն փոխել մարդկության կյանքում։ Դա կարելի է անել թե՛ օնլայն լեկցիաների միջոցով, թե՛ տեսադասերի միջոցով։ Մի քանի տարբերակով կարելի է այդ պրոյեկտն իրագործել։ Եվ պետք չէ, որ երեխան քննություն տա դրանից։ Էդ քննություն տալը շատ է խանգարում։ Հենց ասում ես «քննություն», երեխայի մոտ միանգամից հակառակ ռեակցիա է առաջանում։ Պետք է պարզապես սկսեն լսել․ մեկ ուղղություն, երկրորդը, երրորդը, ու էդ երկու տարում պարզապես որոշակի գիտելիքներ հավաքեն այն մասին, թե աշխարհում հիմա գիտությունն ու տեխնոլոգիաներն ի՛նչ են անում։

Հարց – Երեխաներին և պատանիներին Ձեր սիրելի գրքերից որո՞նք խորհուրդ կտայիք կարդալ։

Գ․ Իսրայելյան – Մի գիրք եկավ միտքս այս պահին։ Հայտնի ֆիլմերի շարք կա, չէ՞, «Մատանիների տիրակալը», որը բոլոր երեխաները գիտեն։ Բայց իրենք չգիտեն, որ դրա սկիզբը, բոլոր էդ էպիկերը, գալիս են Այզեք Ազիմովի The Foundation Trilogy–ից։ Իսկ դրանից է՛լ ավելի առաջ նմանատիպ մի գիրք գրել էր խորհրդային գրող Եֆրեմովը։ Գիրքը կոչվում է «Ցլի ժամանակը»։ Այն մասին է, թե ոնց է մարդկությունը ստիպված լքում երկրագունդը, գնում, այլ տեղում լրիվ ուրիշ քաղաքակրթություն է հաստատում ու մոռանում է իր պատմությունը։ Ու հետո երկրագնդից գնում են նրանց հետ հանդիպման ու չեն իմանում, որ նույն մոլորակից են իրենք։ Մարդկության մտածելակերպը, այն, թե ինքն իր առաջ երկարաժամկետ ի՞նչ խնդիրներ է դնում, կա այդ գրքերում և շատ հետաքրքիր է։ Այդ երկու գիրքը՝ Ազիմովի  «Հիմնավորման եռագրությունը» /The Foundation Trilogy/ և Եֆրեմովի «Ցլի ժամանակը», ես շատ խորհուրդ կտայի կարդալ պատանիներին։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button