Ռադիոլաբ

«Ես չէի մտածում, որ պետք է պրոֆեսիոնալ գիտնական դառնամ». Գարիկ Իսրայելյան

Սեպտեմբերի 5-10-ը Երևանում կանցկացվի աստղերին ու երաժշտությանը նվիրված «Սթարմուս» հեղինակավոր փառատոնը: «50 տարի Մարսի վրա» խորագիրը կրող Սթարմուսի թվով 6-րդ փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն: Կհյուրընկալվեն հայտնի գիտնականներ ու երաժիշտներ:

Մեծ միջոցառմանն ընդառաջ՝ Ռադիոլաբը զրուցել է Սթարմուսի համահիմնադիր, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի հետ: Լսե՛ք հաղորդումն ու միասին կբացահայտենք հետաքրքիր դրվագներ հայազգի գիտնականի կյանքից:

Հարց – Դժվար է ասել, որ դուք փոքրուց կամ նույնիսկ դպրոցական տարիքից տարված եք եղել գիտությամբ, անգամ գիտեմ, որ այդքան էլ լավ չեք սովորել ֆիզիկա ու մաթեմատիկա, ի վերջո ինչպե՞ս ամեն ինչ ստացվեց ու ո՞րն է դեպի գիտություն տանող ճանապարհը։

Գարիկ Իսրայելյան – Իրոք, ես դպրոցում հետաքրքրություն չեմ ունեցել, ո՛չ ֆիզիկայի, ո՛չ մաթեմատիկայի նկատմամբ, ընդհանրապես ոչ մի առարկայի նկատմամբ։ Ես երաժշտություն էի շատ լսում։ Շատ էի սիրում։ Ինքնուս դեռ դպրոցում սովորեցի դաշնամուր, կիթառ նվագել։ Դա ինձ քաշում էր, դա ինձ հետաքրքիր էր ու ես դա մենակ սովորեցի, առանց որևէ մեկի օգնության։ Հետո 9–րդ – 10–րդ դասարանում ավելի լավ էի նվագում քան շատերը, որոնք 8 տարի երաժշտական դպրոցում էին սովորել։ Առանց նոտաներ իմանալու, միայն լսողությամբ ամեն ինչ շատ արագ նստում նվագում էի։ Եվ քանի որ իմ համար էլեկտրական կիթառ էի սարքել, փորձում էի էդ կիթառի համար էֆեկտներ սարքել, դրա համար ռադիոյի գիտելիքներ էին պետք ու ես գնացի պիոներ պալատի ռադիոխմբակ, որպեսի սովորեմ ոնց են էդ էֆեկտները սարքում։ Միայն էդ նպատակով, ինձ ռադիոն չէր հետաքրքրում ընդհանրապես։ Մի տարի ես դրա վրա տանջվել եմ, որովհետև ռադիոմասեր պետք է հավաքեի էստեղից էնտեղից, փորձեի էդ սխեմաները գտնեի, հասկանայի, բայց ոչ ֆիզիկա գիտեի, ոչ էլեկտրականություն, ուղղակի փորձում էի էդ ամեն ինչը սարքել։

Հարց – Այսինքն երաժշտությու՞նը Ձեզ տարավ դեպի գիտություն։

Գարիկ Իսրայելյան – Դեռ գիտություն չէր տարել, որովհետև ես էդ ամեն ինչը առանց հասկանալու էի փորձում։ Ես դպրոցն ավարտեցի էլի ոչ մի հետաքրքրություն չունեի, չգիտեի ինչ եմ անելու ու գնացի թատերական ինստիտուտ աշխատելու՝ որպես բեմի բանվոր։ Պատահաբար գիտաֆանտաստիկ ֆիլմեր նայեցի, մի քանի ֆիլմ էն ժամանակ շատ էին դուրս գալիս, օրինակ «Սոլարիսը», «Օրիոնի օղակը» ․․․ դրանք խորհրդային ֆանտաստիկ ֆիլմեր էին։ Մի քիչ պրիմիտիվ ժամանակներ էին, որովհետև ֆիլմերում հատուկ էֆֆեկտներ չէին անում, բայց ֆիլմերի բովանդակությունն այնքան հետաքրքիր էր իմ համար, լրիվ նոր աշխարհ բացվեց։ Ես չգիտեի հարաբերականության տեսության մասին, չգիտեի, որ ժամանակը կարող է հարաբերական լինել ու էդ ֆիլմերը հետաքրքրություն ստեղծեցին իմ համար, սկսեցի կարդալ գիտական ֆանտաստիկա։ Այնքան արագ էի կարդում, մի օրում մի գիրք վերջացնում էի։ Փառք Աստծո Խորհրդային միությունում գիտաֆանտաստիկ գրականություն շատ կար։ Թարգմանում էին լավագույն արևմտյան հեղինակներին՝ Շեքլի, Բրեդբերի, Ազիմով, Կլարկ ․․․ Ես դրանք սոված մարդու նման լրիվ կարդում էի ու էդ ստեղծեց հետաքրքրություն գիտության նկատմամբ։ Որոշեցի գնամ աստղագիտության բաժին, էլի առանց հատուկ նպատակի։ Ես չէի մտածում, որ պետք է գնամ ու պրոֆեսիոնալ գիտնական դառնամ, ուղղակի տեսա, որ սա շատ հետաքրքիր է սովորելու համար ու որոշեցի, որ արժե ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ։ Այդ մի տարում, երբ աշխատում էի, որոշեցի տանը նստեմ ու ինքս սովորեմ այդ ամենը, որպեսզի ընդունվեմ։ Շատ դժվար էր, բայց ես արեցի դա։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button