Մեկնարկ

Ճիշտ ընկնել և ճիշտ բարձրանալ․․. Մեկնարկ

Պարզվում է՝ ճիշտ ընկնել և ճիշտ բարձրանալն էլ է պետք սովորել։ Այս կարևոր բացահայտումն արեցինք մեր այսօրվա հյուրի՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ Էլեն Համբարձումյանի հետ զրույցի ընթացքում։ Հանդիպման առիթը օգոստոսի 26-ին և 27-ին մարզադպրոցում կայանալիք «Ձյունե թագուհին» ներկայացումն է։

«Շատ դիտարժան ներկայացում է լինելու, Հայաստանում նախկինում եղած ներկայացումներից տարբերվելու է թե՛ իր դեկորացիաներով, թե՛ հագուստի ձևավորմամբ, թե՛ լուսավորությամբ և թե՛, ամենակարևորը, մասնակիցների կազմով»,-ասում է մեր հյուրը և նշում ևս մեկ կարևոր տարբերության մասին․առաջին անգամ այսպիսի ներկայացում բեմադրվում է մարզադպրոցում։

«Մեր հանդիսատեսը հնարավորություն կունենատեսնելու, թե ի՜նչ հրաշալի փոփոխություններ են տեղի ունեցել մեր մարզադպրոցում, որն արդեն համապատասխանում է միջազգային չափանիշներին»։

Ի դեպ, տեղեկացնենք, որ սեպտեմբերի 5-ին, 6-ին, 7-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում ընդունելության օրեր են․ մարզադպրոցն սպասում է իր նոր սաներին․․․

Է․ Համբարձումյան — Ուզում եմ նշել, որ մեզ մոտ երեխաները պետք է գան 4 տարեկանից սկսած։ Իհարկե, շատ դժվար է սպասել, որ երեխան 4 տարեկանում կարող է գիտակցել և ընտրել այս մարզաձևը։ Այդ իսկ պատճառով հաճախ ուղղորդում են ծնողները։ Իսկ լավ մարզիկ դառնալու համար կան մի քանի չափանիշներ։ Իհարկե, առաջին հերթին երեխայի ունակություններն են կարևոր, ֆիզիկական տվյալները, որոնք հնարավորություն կտան հետագայում լավ մարզիկ դառնալու, բայց ամենակարևոր գործոնները, որոնք պետք է լինեն, աշխատասիրությունը և նպատակասլացությունն են։ Եթե դրանք չկան, ապա որքան էլ ունակ լինես, ոչ մի արդյունքի չես հասնի։

Կա նաև մեկ այլ կարևոր գործոն՝ կարգապահությունը, ընդ որում՝ ոչ միայն երեխայի, այլև՝ ծնողի։

Մի՛ սպասեք, որ երեխան մեծանա, նոր բերեք։ 4 տարեկանից բերելն ամենաճիշտն է, քանի որ 4 տարեկան երեխան դեռ չունի վախի գործոնը, որը մեզ շատ է խանգարում և 4 տարեկան երեխաներն ավելի շուտ են սովորում սահել։ Հաճախ ծնողներն ասում են․ «Վախենալու է, վախենում ենք, որ մեր երեխաները կընկնեն, կվնասվեն»։ Ասեմ, որ ոչ մի մարզաձև ապահովագրված չէ վնասվածքներից, իսկ մենք երեխային առաջին հերթին սովորեցնում ենք սառույցի վրա ճիշտ ընկնել և ճիշտ բարձրանալ․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button