Ռադիոլաբ

Թշնամին ռազմադաշտից դուրս նաև տեխնոլոգիական ու տեղեկատվական դաշտում է կռվում

Վերջին օրերին բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է մեր երկրի սահմաններին կատարվող ռազմական գործողությունների վրա։ Շարունակ   թարմացնում ենք լրահոսը, սպասում որևէ լուրի, հաճախ նաև խճճվում՝ անկառավարելի տեղեկատվական հոսքերի մեջ։ Անհանգստացած փորձում ենք ինչ որ ձևով կապ հաստատել զինծառայող մեր ընկերների ու բարեկամների հետ։

Մինչդեռ պետք է գիտակցենք, որ թշնամին պատերազմում է նաև առցանց տիրույթում։ Ուրեմն, ավելի պատասխանատու լինենք մեր գործողություններում, չվնասենք մեզ, մեր հարազատներին և, ի վերջո, մեր պետությանը։ 

Այն պահից, երբ հայտնի դարձավ ռազմական գործողությունների մասին, սոցիալական հարթակներում, իսկ ավելի հաճախ Տիկտոկում սկսվեցին տարածվել տեսանյութեր, որտեղ երևում էր հայկական ռազմատեխնիկայի տեղաշարժը։ Նման չմտածված քայլով վտանգի տակ են հայտնվում մեր զինված ուժերը, բանակում կռվողտղաները։ Ու թեև, նման տեսանյութերի տարածման անթույլատրելիության վերաբերյալ զգուշացումներ էին հնչում թե՛ պաշտոնական, և թե՛ մեդիագրագետ հանրության կողմից, համացանցում պարբերաբար հայտնվում էին կադրեր նաև սահմանային բնակավայրերից։ Ի վերջո, Տիկտոկը Հայաստանի տարածքում արգելափակվեց՝ բայց մասնակի։

Այս հարթակը ապատեղակտվություն, խուճապ ու լարվածություն տարածելու նպատակով ակտիվորեն օգտագործում է թշնամի երկիրը։ Թիրախում են հայտնվում նաև դպրոցահասակները։

Լսե՛նք տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի մեկնաբանությունը:

21-րդ դարում, երբ տեխնոլոգիաներն ու առցանց մեդիան այսչափ տարածված ու հզոր գործիք են, որևէ աղբյուրի հասանելի կամ արգելափակված լինելը, մեծ հաշվով, որոշիչ դեր չի խաղում։ Կարևորը յուրաքանչյուրիս սթափ վերաբերմունքն է, կասկածելի տեղեկատվությունը ստուգելը, դրանց ճիշտ արձագանքելն ու տարաբնույթ ծուղակներից խուսափելը։ Ամեն ինչ պետք է անենք մտածված, և եթե վստահ չենք,որ մեր այս կամ այն գրառումով, լուսանկար կամ տեսանյութ հրապարակելով, որևէ նորությամբ կիսվելով վնաս չենք հասցնում մեր երկրին, ապա պարզապես պետք է դա չանենք։ 

Կարևոր ենք համարում նաև թվարկել մի քանի կետ, որոնց հետևելով կխուսափենք սոցիալական ցանցերում մեր օգտահաշիվներըթիրախավորելուց և չենք օգնի թշնամու կիբեռբանակին։

• Մի պատասխանեք անծանոթ մարդկանց նամակներին կամ զանգերին որևէ հարթակից. Դրանք հատկապես տարածված են Facebook-ում, Instagram-ում, WhatsApp-ում, Telegram-ում, Viber-ում և այլուր։ Անծանոթ հաշիվները կամ համարները ուղղակի արգելափակում ենք։

• Բաց հեռախոսակապով չենք քննարկում որևէ դետալ կապված ստեղծված իրավիճակի հետ, չենք կիսվում սահմանի/դիրքերի վերաբերյալմանրամասներով, տեղանքների մասին ինֆորմացիա չենք հայտնում որևէ դեպքում։ Հիշենք, որ այդ ամենը մեր իսկ դեմ է աշխատելու։

• Երբեք մի՛ լրացրեք օնլայն թեստեր կասկածելի կայքերում՝ մինչ նրանց «տվյալների օգտագործման կանոնները» ուսումնասիրելը։

• Միշտ միացրեք երկու-քայլով հաշիվը վավերացնելու ֆունկցիան։ Սա բոլոր դեպքերում։

Անխոս, նման իրավիճակներում ավելի սուր է ընդգծվում մեդիագրագիտության անհրաժեշտությունը։ Թշնամին ռազմադաշտից դուրս նաև այստեղ՝ տեխնոլոգիական ու տեղեկատվական դաշտում է կռվում։ Մեր ժամանակներում սրան անվանում են նաև հիբրիդային պատերազմ։ Լինենք զգոն, չտրվենք տարատեսակ մանիպուլատիվ հնարքներին ու փորձենք օգտակար լինել մեր երկրին, ամեն մեկս մեր տեղում, ով ինչպես որ կարող է։

Ուժեղ լինենք ու մտածված գործենք՝ հանուն մեր երկրի։ 

Ցուցադրել ավելի
Back to top button