Լուրեր

Էքսկուրսիա ձմեռային թանգարաններում

Չնայած մեր շուրջն այս պահին փաթիլներ չկան, համացանցը հենց այս պահին կարող է օգնել հայտնվելու փաթիլների աշխարհում․ որոնում եք ՝ Փաթիլների թանգարան և հայտնվում աշխարհի եզակի թանգարաններից մեկում, որը գտնվում է Ճապոնիայում՝ Հոկայդո կղզու վրա և կոչվում է Նակայա Ուկիսիրոյի անվան փաթիլներ թանգարան։

Նակայա Ուկիսիրոն թանգարանի հիմնադիրն է։ Նա երկար տարիների ընթացքում ուսումնասիրել է փաթիլների կառուցվածքային առանձնահատկությունները, կատարել փաթիլների իր դասակարգումը։ Վերջին տարիներին լուսանկարչական սարքերի կատարելագործումը գիտնականին հնարավորություն է տվել ոչ միայն ճշգրիտ դիտարկումներ կատարելու, չքնաղ փաթիլները լուսանկարներով հավերժացնելու, այլև համոզվելու, որ իսկապես, ոչ մի փաթիլ երբեք չունի իր կրկնօրինակը։ Իսկ որպեսզի հասկանանք դրա հրաշքը, բավական է պատկերացնենք, որ օրինակ, միայն մեկ քառակուսի մետր ձյան մեջ 350 միլիոն փաթիլ կա։ Դե, պատկերացրեք ձյունապատ սարերն ու դաշտերը, և փորձեք հաշվել, թե քանի միլիարդ իրար չկրկնող վեցանկյուն աստղիկներ են թափվել երկնքից։

Փաթիլների թանգարանը գտնվում է քարանձավում, որտեղ միշտ սառն է, բայց փաթիլներ չկան․ կան փաթիլների լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի է այնպես, ինչպես իր բնօրինակն է եղել։

Ալյասկայի սառույցի և սառցե քանդակների թանգարանի մասին․

Ալյասկայի սառույցն, ի դեպ, իր բնույթով հազվագյուտ է համարվում․ այն ամենաթափանցիկն է աշխարհում․ ասում են, որ դրա մեկ մետրանոց շերտի տակ տեղադրաված թերթն անգամ հնարավոր է կարդալ՝ այնքան պարզ է այդ սառույցը։ Թանգարանի հիմնադիրները Սթիվ և Հիզեր Բրայս ամուսիններն են, որոնք սառցե քանդակների կերտման միջազգային մրցույթների բազմակի չեմպիոններ են։ Այս թանգարանի շրջակայքում ամեն տարի սառցե քանդակների մրցույթներ են կազմակերպվում, իսկ թանգարանը հայտնի է նաև որպես հյուրանոց, որտեղ կան սառցե մահճակալներով, սառցե սեղաններով և աթոռներով և անգամ սառցե բուխարիներով սենյակներ։

Ցուցադրել ավելի
Back to top button